Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանական կողմը այսօր կրակ է բացել Բարեկամավան համայնքի ուղղությամբ: Թե ինչ ինչ վիճակ է սահմանամերձ Կոթիի և Բերդավան համայնքներում, Analitik.am-ի թղթակիցը փորձեց ճշտել հենց նշված համայնքների ղեկավարներից:
Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը նշեց, որ հակառակորդը այդ թվում նաև ականանետերից գյուղի վրա կրակել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ինչի արդյունքում սպա է վիրավորվել: Նա նշեց, որ այցելել է վիրավոր սպային, վերքը ոտքի շրջանում է, շատ խորը չէ: Մելիքյանը հավելեց, որ կրակել են նաև ապրիլի 5-ին երեկոյան. «Ճիշտն ասած չգիտեմ գյուղի ուղղությամբ են կրակել, թե՝ ոչ, ուղղակի կրակոցների ձայներ ենք լսել, ամեն դեպքում ասեմ, որ կրակել են փոքր տրամաչափի զենքից»:
Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանն էլ նշեց, որ բնակավայրի վրա չեն կրակել. «Կրակում են դիրքերի ուղղությամբ բայց ոչ ինտենսիվ կերպով: Արտառոց ոչինչ չկա, քանի որ այդ կրակոցները միշտ էլ եղել են»: