Եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի հրադադարը, ապա Արցախի զինված ուժերը՝ մյուս ստորաբաժանումների հետ միասին հասցնելու են անհրաժեշտ հարված։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է NEWS.am-ը:
Նա նաեւ նշել է, թե իրենք աշխատանք են իրականացնում հրետակոծությունից տուժած քաղաքացիներին աջակցելու համար։ «Անցկացնում ենք օպերատիվ խորհրդակցություններ, ներկայացնում ենք մեր ակնկալիքները, դրա հետ մեկտեղ բոլորին հորդորում ենք լինել զգաստ, հաշվի առնելով, որ երկար տարիների ընթացքում ունեցել ենք տասնյակ պայմանավորվածություններ, որոնք խախտվել են Ադրբեջանի կողմից»,- ասել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ եւս մեկ հրաման է տվել. «Եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի հրադադարը, ապա մեր զինված ուժերը՝ մեր մյուս ստորաբաժանումների, կամավորականների հետ միասին հասցնելու են անհրաժեշտ հարված»։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ, տարբեր խախտումներով, հիմնականում պահպանվում է հրադադարի պայմանավորվածությունը։
Արցախի նախագահը նաեւ խոսել է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին։ Հարցին, հնարավո՞ր է, որ օդանավակայանը գործարկվի եւ դա դիտարկվի որպես ստատուս-քվոյի վերանայում, Արցախի նախագահը նկատել է, թե օդանավակայանի գործարկումը չի կարող դիտարկվել մեր կողմից որպես ստատուս-քվոյի վերանայում կամ դրա հետ կապված հարց։