Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Իսկ ճանապարհային քարտեզը չկա...

    «Եղանակների պատճառով տաք չէր». այսօր լրագրողների «թեժ աշնանը» ոստիկանների կողմից սառը ցնցուղով պատասխանելու վերաբերյալ հարցին այսպես է արձագանքել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես հայտնի է «թեժ աշնան» թեժ մեկնարկին Վլադիմիր Գասպարյանը օր առաջ իշխանափոխություն իրականացնող քաղաքական ուժերին հորդորել էր «չափը չանցնել»՝ հակառակ պարագայում գործի էր դրվելու «սառը ցնցուղները»:

 

   Բայց եռյակը ներկայացնող ուժերն, իհարկե, այդ ամենը քաջ գիտակցում էին եւ, հետեւաբար, ավելորդ տեղը ոստիկանապետին նեղություն չտվեցին: Մեկ առիթով արդեն գրել էինք, որ «թեժ աշունը» Հայաստանում ավարտվել էր դեռեւս սեպտեմբերի մեկին: Այսօրվա «հուժկու» հանրահավաք-երթով էլ ազադարարվեց «թեժ ձմռան» վախճանը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀԱԿ կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթին առաջնորդներից մասնակցում էր միայն «Ժառանգության» ղեկավար, «Բարևի հեղափոխության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Մյուս երկու լիդերները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ըստ էության մտածել են, որ Հայաստանում՝ «ապահով» Հայաստանում, մարդու իրավունքները լիարժեք պաշտպանված են, եւ, հետեւաբար, չարժե զուր տեղը փողոց դուրս գալ, հատկապես, որ եղանակն էլ տրամադրող չէ:
Առաջնորդների բացակայությունը համաժողովրդական շարժման ֆոնին, բնականաբար, տարօրինակ է: Խոսքից գործի անցնելու վստահեցումները առայժմ կյանքի չեն կոչվում, իսկ «Անսերժ Հայաստան» տեսնելու եռյակային գոռգոռոցներն ընդամենը ականջահաճո խոսքեր են, բայց միայն ոմանց համար:

 

Այս ամենը սակայն չի խանգարում, որ ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանը հայտարարի, որ համաժողովրդական շարժումը նոր թափ է ստանում: Ավելին, ըստ Զուրաբյանի շուտով հասարակությունը կտեղեկանա համաժողովրդական շարժման գործունեության մասին: Զուրաբյանի այս հայտարարությունը կարելի է որակել ինքնախոստովանանք այն մասին, որ մինչեւ հիմա հասարակության միջոցով իշխանափոխություն պարտադրող քաղաքական ուժերը չունեն «ճանապարհային քարտեզ»: Նշենք, որ «ճանապարհային քարտեզը» եռյակի ներկայացուցիչների ձեռքը պետք է հայտնվեր դեռևս հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո:

Իսկ թե առանց «ճանապարհային քարտեզի» մինչև ուր կարող են հասնել նրանք՝ թերեւս հայտնի է բոլորին:

 

 

Արմեն Սերոբյան

Նույն շարքից