Հայկական կողմը երբեք դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, Այս մասին գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։
«Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի: Մենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել», - ասել Սարգսյանը։
Հարցին, թե ինչ է արել նախագահը հերթական արյունահեղությունը կանխելու համար, Սարգսյանը պատասխանել է, որ իրենք արել են հնարավոր ամեն բան, գրում է Tert.am-ը։
«Մոտավորապես 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այժմ պնդում է, որ այդ հարցը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Եվ երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը»,- նշել է նախագահը:
Լրագրողը նշել է, որ պատերազմը, ինչպես դա հաճախ լինում է, սկսվել է անսպասելի, սակայն նույնքան անսպասելի էլ` արդեն 3 օր անց, ռազմական գործողությունները դադարեցվել են, հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, և հետաքրքրվել է՝ ո՞վ է օգնել հասնել նման պայմանավորվածության։
«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները բոլորովին անսպասելի են սկսվել։ Մենք դրանց սպասում էինք: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Սակայն հրադադարն էլ պատահականություն չէր։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։
Աղբյուրը՝ panarmenian.net