Հասարակություն 

Լռության երթ Երևանում՝ ի հիշատակ արցախում զոհված զինվորների

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից նախատեսում են լռության երթ անցկացնել՝ ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների:

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել բոլոր զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ անցկացնել դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացնենք խորհրդանշական մոմավառություն՝ ի հիշատակ նահատակների»,- ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ:

Կազմակերպիչները խնդրում են քաղաքացիներին երթին միանալ մոմերով և ծաղիկներով:

Լռության երթին կմասնակցեն նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Կոտայքի և այլ թեմերի քահանաները, ովքեր էլ կմատուցեն հոգեհանգստյան կարգ: Երթի անցկացումն ի գիտություն է ընդունել Երևանի քաղաքապետարանը:

Նույն շարքից