Հայաստան Հասարակություն 

Գալուստ Սահակյանը ընդունել է Ալժիրի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):


ԱԺ նախագահը շնորհավորել է Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու պետությունների հարաբերությունների զարգացման և խորացման գործին:


Կարևորելով Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ հայ-ալժիրյան հարաբերությունները ցանկալի մակարդակով առաջընթաց չեն արձանագրել: Նա փաստել է նաև, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ալժիրյան փոխգործակցության կայացման ու ամրապնդման գործընթացում՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում:


Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Միջին Արևելքում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ կարևորելով հակամարտությունների բացառապես խաղաղ երկխոսության ճանապարհով լուծումը:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահը կարևորել է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով բերում է լարվածության աճ և նոր զոհեր:


Երախտագիտություն հայտնելով արաբ ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու համար՝ Գալուստ Սահակյանը խոսել է նաև 2015-ի ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումների մասին: Դեսպան Սմաիլ Ալլաուան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:


Նա կիսել է ՀՀ ԱԺ նախագահի մտահոգությունը տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների և Սիրիայում ու Իրաքում ապրող քրիստոնյա բնակչության անվտանգության պահպանման վերաբերյալ: Նորանշանակ դեսպանը նշել է, որ տարիներ առաջ երկու երկրների միջև սկսված համագործակցությունը չի շարունակվել, և այսօր պետք է ջանքեր գործադրել, որպեսզի զարգանա քաղաքական երկխոսությունը, երկու երկրները միավորեն ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:


Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման առկա ներուժի մասին՝ հույս հայտնելով, որ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում առկա ներուժը լավագույնս կօգտագործվի առաջիկա տարիներին: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Նույն շարքից