Հայաստան Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ռուսաստանն Ադրբեջանին ավելի լուրջ ռազմավարական գործընկեր է համարում, քան Հայաստանին. Քաղաքագետ

analitik.am

«Ռուսաստանն Ադրբեջանին ավելի լուրջ ռազմավարական գործընկեր է համարում, քան՝ Հայաստանին»,-այսօր՝ ապրիլի 8-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է հասկանալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության հարցում նոր համաձայնագիրն արդեն գրեթե պատրաստ է, իսկ հայկական կողմն անգամ տեղյակ չէ դրանից:

Բոզոյանի խոսքերով, մինչև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելը Երևանը Մոսկվայում ավելի լուրջ գործընկեր էր համարվում, քան՝ Բաքուն. «Եթե դուք նկատել եք, մինչև 2010 թվականը լուրջ խնդրներ չկային, Ռուսաստանը զենք էր վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին: Սակայն 2011-13 թվականներին շատ բան փոխվեց: Հենց այդ ընթացքում Ռուսաստանն ամենաշատ զենքը վաճառեց Ադրբեջանին, իսկ Հայաստանում տեղի ունեցավ գազի թանկացում:

Բանն այն է, որ այդ տարիներին, հայ-ռուսական հարաբերությունները բավականին լարված էին, քանի որ Երևանն ակտիվորեն գնում էր Արևմուտք: Իսկ Բաքուն օգտվեց առիթից, հայտարարեց, թե Արևելյան գործընկերությունն իրենց պետք չէ, լավացրեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս ամենը կարելի էր հասկանալ ռուսական վերլուծական շրջանակների արձագանքից: Ռուսաստանում մտածում էին, որ Հայաստանը, դաշնակից լինելով, քցում է իրենց, իսկ Ադրբեջանը, դաշնակից չլիներով, չի անում դա»:

Բանախոսը նշեց, որ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ միայն 2013 թվականի օգոստոսին, երբ Պուտինը Բաքվում հայտարարեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմքը դնելու մասին. «Այդ ժամանակ ստորագրված համաձայնագրերով Ռուսաստանը հսկայական ռազմաարդյունաբերական համալիր է կառուցելու Ադրբեջանի հետ: Այդ նույն 2013-ին Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց Հայաստանին, և Երևանը փոխեց իր քաղաքականությունը»:

Analitik.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանը մի կողմ քաշվի, եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ սահմանների վրա, Բոզոյանն ասաց, որ դաշնակից լինելու համար պետք է ուժեղ լինել, հակառակ դեպքում դաշնակից կոչեցյալը կվաճառի քեզ. «Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է պաշտպանել մեզ բոլորից, եթե Հայաստանը դարձավ Ռուսաստանի հովանավորյալը, իսկ դա շատ վատ հետևանքներ կունենա, երկիրը կվերածվի գաղութի»:

Նույն շարքից