Վերջին օրերին բավականին տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում: Որպես օրինակ նշենք Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտնի հայտարարությունը, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ Բաքուն ռազմավարական գործընկեր է: Եվ սա այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնում, որ ադրբեջանական կողմն Արցախի վրա կրակել է և հայ զինվորներին սպանել հենց ռուսական զենքով:
Կարելի է ենթադրել, որ սա ՌԴ փովարչապետի պատասխանն է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որի համար ռուսական կողմն անգամ տեղ չի գտել Մեդվեդևի երևանյան այցը լուսաբանելու համար հրապարակված նյութում:
Ռուսական պաշտոնական մամուլում Սերժ Սարգսյանի խոսքից առհասարակ դուրս է բերվել զենքի մասին ասված հատվածը: ՀՀ նախագահի և ՌԴ վարչապետի հանդիպումը ռուսական պաշտոնական մամուլում ներկայացվել է հետևյալ կերպ.
«Հանդիպման սկզբում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին հայտնել է այն մասին, թե վերջին օրերի ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում ինչպես են դեպքերը զարգացել՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կկարողանա միջնորդական դերակատարում ունենալ և բարելավել իրավիճակը: Նա նաև ափսոսանք է հայտնել կապված այն բանի հետ, որ իրավիճակի բարդացմամբ պայմանավորված ԵԱՏՄ միջկառավարական նիստը չեղյալ է համարվել:
Սակայն Մեդվեդև-Ալիև հանդիպումը լուսաբանելիս ռուսական պաշտոնական աղբյուրը որևէ կրճատումներ չի արել՝ ամբողջությամբ թողնելով Ադրբեջանի նախագահի խոսքի այն հատվածը, որտեղ բողոք կա՝ ընդդեմ հայերի:


