Սիդնեյի կենտրոնի սրճարաններից մեկում զինված մի տղամարդ պատանդ է վերցրել տասնյակ մարդկանց, հաղորդում են տեղական ԶԼՄ-ներին:
Պատանդառուն բանակցություններ է պահանջել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ: Նա նաեւ հայտարարել է, որ ամբողջ քաղաքում պայթուցիկ նյութեր են տեղադրված:
Ըստ տարբեր տվյալների՝ պատանդների թիվը 13-ից 50 է: Ահաբեկիչների ճշգրիտ թվաքանակը նույնպես հայտնի չէ: Պատանդներից մի քանիսը ձեռքերը վեր պարզած կանգնած են պատուհանների մոտ:
Ականատեսների վկայությամբ՝ առավոտյան տեղական ժամանակով ժամը մոտ 10-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 3-ին) սրճարան է մտել զինված մի տղամարդ՝ գլխակապով, որի վրա եղել է արաբերեն մակագրություն:
Ահաբեկիչները նաեւ պատուհանից կախել են սեւ դրոշ` արաբերենով սպիտակ գույնի մակագրությամբ: Ենթադրվում է, որ դա «Ջաբհաթ ան Նուսրա» կազմակերպության դրոշն է, որը Սիրիայում կռվում է երկրի գործող իշխանությունների դեմ:
Ոստիկանությունը շրջապատել է այն շենքը, որտեղ գտնվում է սրճարանը: Պատահարի շրջանում արգելափակված է տրանսպորտի երթեւեկությունը:
Սպառնալիքների պատճառով իրավապահներն սկսել են ստուգել քաղաքի կենտրոնական շրջանը՝ պարզելու այնտեղ պայթանյութի առկայությունը: Սիդնեյի օպերային թատրոնից տարհանում է իրականացվել այնտեղ կասկածելի սարքի վերաբերյալ հաղորդումից հետո:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում հայտնել է, որ անցկացրել է կառավարության անվտանգության կոմիտեի արտակարգ նիստ: Նա Սիդնեյում տեղի ունեցող իրադարձությունները գնահատել է «շատ տագնապալի» եւ հավաստիացրել, որ ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները «լավ պատրաստված են, հանդերձված եւ ստեղծված իրավիճակում գործում են պրոֆեսիոնալ կերպով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: