Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Այս մարդկանց շատ տխուր ապագա է սպասվում, որը պայմանավորված է տեսանելի հեռանկարում խավիարի սպառման վստահ կանխատեսումներով

analitik.am

Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած <<Միացյալ ազգային շարժում>> կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը: Որպես ասվածի ցցուն ապացույց` մեջբերեմ վերոնշյալ կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլիի ապրիլի 8-ին տարածած հայտարարությունը. <<Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում` Ադրբեջանի) ապահովմամբ… >>:

Ուզում եմ հիշեցնել հակամարտության խաղաղ կարգավորման <<ջատագով>> պատգամավորին, որ ԼՂՀ կոնֆլիկտի պարագայում անաչառությունը ենթադրում է, որ առնվազն պետք էր նախ խոսել ազգերի ինքնորոշման, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների մասին, որոնք այնպես ջանադրաբար մերժում են Ադրբեջանն ու նրա հովանավորները: Ավաղ, Սահակաշվիլիի կուսակցությունն` ուր, անաչառությունն ու սկզբունքներն` ուր:

Այս կուսակցությունը խիստ <<սկզբունքորեն>> իր տխրահռչակ կառավարման 10 տարիների ընթացքում <<հաջողեցրեց>> Վրաստանն ընկղմել թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական էքսպանսիայի ճահճի մեջ, որից դուրս գալու համար մեր հարևան երկրին երկար ժամանակ և շատ ջանքեր անհրաժեշտ կլինեն, էլ ուր մնաց զարմանանք նրա անդամների ադրբեջանանպաստ ճամարտանքների համար: Ինչպես ասում են. <<կարմիր կովը կաշին չի փոխի>>: Ամեն դեպքում, այս մարդկանց շատ տխուր ապագա է սպասվում, որը պայմանավորված է տեսանելի հեռանկարում խավիարի սպառման վստահ կանխատեսումներով:

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ <<ՋԱՎԱԽՔ>> ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Նույն շարքից