«Լուրն իմանալով՝ շատ ազդված եմ կատարվածից, ցավում եմ և իմ վշտակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին: Ցանկանում եմ, որ նոր զոհեր այլևս չլինեն, և Եռաբլուր պանթեոնի տարածքն այլևս չընդլայնվի»,-այսօր Երևանում, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Լատվիայի խորհրդարանի պատգամավորը Երևան է այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 1-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով հերոսաբար ընկած հայ զինվորականների հիշատակին:
Սերգեյ Պոտապկինը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իր այցը Հայաստան նախապես պլանավորված չի եղել. ժամանել է՝ անձամբ տեսնելու եղելությունը:
«Խնդրի լուծումը խաղաղ բանակցային ճանապարհն է. պատերազմական ցանկացած գործողություն ինձ համար դատապարտելի է: Մաղթում եմ հարատև խաղաղություն»,-նշել է Լատվիայի խորհրդարանի պատգամավորը: