գլխավոր Մամուլի ակումբ 

Սիրիայում քրդական գործոնը կարծում եմ կլեգիտիմանա. Քրդագետ

Այսօր՝ ապրիլի 9-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ Հայ-քրդական հարաբերությունների բաժնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կանեն Արևմտյան Հայաստանի տարածքում տեղավորված քրդերը, եթե հանկարծ թուրքական իշխանությունները որոշեն այդ տարածքներով զորք մոտեցնել Հայաստանի արևմտյան սահմանին և լարել իրավիճակը, ասաց, որ տեղի քրդերը, համագործակցելով քրդական աշխատավորական կուսակցության հետ, հնարավոր է կարողանան որոշակի դժվարություններ ստեղծել թուրքական բանակի համար, սակայն դա լուրջ չէ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ քրդագետը խոսեց նաև Ադրբեջանի քրդական համայնքի մասին և այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի այդ համայնքը ղարաբաղյան հակամարտության հարցում: Նա մասնավորապես նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու մարդահամար է անցկացվել, որոնցից մեկի արդյունքում հաշվվել է 6 հազար, մյուսի՝ 12 հազար քուրդ, իսկ իրենք՝ քրդերը, պնդում են, որ Ադրբեջանում այսօր մինչև 70 հազարի հասնող համայնք ունեն. «Ամեն դեպքում պետք է ասել, որ քրդական համայնքն աշխատում է ադրբեջանական իշխանությունների հետ: Նախկինում համայնքի ղեկավարը զերծ էր մնում ընդգծված հայատյաց հայտարարություններ անելուց, սակայն այսօր այդպես չէ: Վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ մենք տեսանք, թե ինչ հայտարարությամբ հանդես եկան Ադրբեջանի քրդերը: Հարկ է նշել նաև այն, որ ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ անում են հայ-քրդական հարաբերությունները վատացնելու համար»:

Ինչ վերաբերում է դրան, թե ինչի պետք է սպասենք, ապա քրդագետն ասաց, որ Թուրքիայում տեղի իշխանությունների և քրդերի միջև պայքարն ավելի ինտենսիվ է դառնալու, քանի որ չեն ստեղծվել պայմաններ վիճակը բարելավելու համար, իսկ Էրդողանը գնում է իրավիճակի լարման ճանապարհով. «Էրդողանն անընդհատ խոսում է քրդերի և հայերի համագործակցության մասին՝ նույնիսկ պնդելով, թե PKK-ի շարքերում հայեր կան: Սիրիայում քրդական գործոնը կարծում եմ կլեգիտիմանա,կամրապնդվեն արդեն գոյություն ունեցող ձեռքբերումները: Իրանում քրդական խնդիրը մոտ ապագայում չի արծարծվի: Ինչ վերաբերում է Իրաքի քրդերին, ապա այնտեղ սեպտեմբերին անկախության հանրաքվե է լինելու, սակայն չեմ կարծում թե քրդերն անկախություն պահանջեն, երևի թե կլինի կոնֆեդերատիվ կարգավիճակ, իսկ հանրաքվեն ճնշում բանեցնելու համար է»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից