ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնի և << Երիտասարդություն>> ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին է, ինչ անցկացվում է «Աջակցություն սահմանամերձ գյուղերին» ծրագիրը: Մի խումբ երիտասարդներ ամեն տարի Ամանորի նախաշեմին սնունդով, քաղցրավենիքով և անհրաժեշտ այլ պարագաներով կապոցներ են տանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում կան ընտանիքներ, որոնք ունեն աջակցության և ուշադրության կարիք:
Analitik.am-ի հետ զրույցում ԳԱԱ ԳԿՄԿ շրջանավարտների միավորման և կապի բաժնի ղեկավար Ազա Շահազիզյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է վերջ դնել անտարբերությանը: Երևանն ու Հայաստանը սկսվում են սահմանամերձ գյուղից:
Այս տարի երիտասարդներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վահան գյուղ, որտեղ աջակցություն են ստացել 12 ընտանիք: Աջակցության համար նախատեսված ողջ գումարը գոյանում է բարեգործների տրամադրած գումարներից, իսկ այս դեպքում բարեգործ կարող ենք դառնալ յուրաքանչյուրս՝ տրամադրելով գումար կամ որևէ անհրաժեշտ իր:
Այցելությունների շրջանակում ուշադրություն կենտրոնում հատկապես փոքրիկներն են, որոնց համար Ամանորը հրաշքի վերածելը ուղակի հաճույք է: Երիտասարդներին միշտ ուղեկցում են մուլտհերոսներն ու Ձմեռ Պապը:
Մինչև բնակիչներին հանդիպելը, ծրագրի կազմակերպիչները այցելեցին հյուսիսարևելյան սահմանին տեղակայված ՊԲ N զորամաս, որտեղ ծանոթացան զինվորների առօրյային, զրուցեցին նրանց հետ և զորամասի ակումբին նվիրեցին 80-ից ավելի գրականություն: