Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը. Էդվարդ Նալբանդյան

analitik.am

Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

ԱԳՆ տեղեկատվության ու  հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել են Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։

Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախօրոք ծրագրված և նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է,  որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով, հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել  այս ուղղությամբ գործադրվող քայլերի մասին։

Նույն շարքից