Հասարակություն 

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում ծառեր են տնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին

analitik.am

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում նոր ծառերով է համալրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին: Տարիների ընթացքում ամառային հրդեհների հետևանքով այրված, այժմ խոտածածկ տարածքներն աստիճանաբար լրացվում են նոր ծառերով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշահամալիրի տարածքում որդիների հետ ծառեր է տնկել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ծառատունկին մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարն ու Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, շնորհակալություն հայտնելով տարածքի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների աջակցման համար՝ ընդգծել է, որ անտառային գոտու վերականգնումն իր կարևոր նշանակությունն ունի ինչպես տարածքի, այնպես էլ մայրաքաղաքի համար:

Ընդհանուր առմամբ ապրիլի 9-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15 հազար ծառ և ավելի քան 22 հազար թուփ: Հարկ է նշել, որ ծառատունկն այս անգամ էլ, ինչպես և վերջին մի քանի տարիներին, իրականացվել է բացառապես ոռոգման համակարգով ապահովված տարածքներում:

Նույն շարքից