Հայաստան Ռազմական Ֆեյսբուք 

Հարգարժան ռուսամետներ ու արևմտամետներ մի′ կռվեք, մի′ «կոտորեք» իրար, ուղղակի դարձեք հայամետ

analitik.am

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն քանի օր է կարծես հարաբերական հրադադար է: Քառօրյա պատերազմի կապակցությամբ բանակցություններ և աշխատանքներ են տարվում միջպետական, դիվանագիտական խողովակներով, ինչու չէ նաև մարդկային շփումներով ու անձնական կապերով, հարաբերություններով:

Մեծ ցավ ապրեցինք, մարդկային կյանքի, ֆինանսական կորուստներ ունեցանք՝ ցավ, կսկիծ, ապրումներ, հոգեկան լարված իրավիճակներ, հույս, հավատ, նաև հուսախաբություններ…

Բայց այդ չորս և հետագա օրերին մեզ համար շատ բացահայտումներ ևս եղան՝ հպարտության, ինքնաճանաչման, արժեքների վերագնահատման և վերաարժևորման զգացումներ:
Գնահատելով, զարգացնելով, դողալով, փայփայելով այդ լավ ձեռքբերումները, մենք պետք է նաև դասեր քաղենք, ավելի կազմակերպվենք ու կազմակերպենք, որ նման դեպքերում առավել հստակ, ժամանակին, նպատակային, փորձված ու քիչ կորուստներով դիմակայենք:

Ամենակարևորը ունենք՝ զինվորի, հայ ազգի, ՀՀ քաղաքացիների խիզախության, միասնականության, հայրենասիրության ոգին…Մնացյալը պետք է լրացնեն, զարգացնեն ու անշեջ պահեն այդ կրակն ու նոր ձևավորված, արմատավորված արժեքները:

Հանգիստ՝ բայց շտապ վերանայման խնդիր կա, պետական մակարդակի, սփյուռքի, դիվանագիտական, ռազմա-արդյունաբերական, գիտատեխնիկական, ուսումնավարժական, ենթակառուցվածքային, պահեստազորային: Մի խոսքով, լուրջ պլանավորել, ծրագրել, կազմակերպել ու իրագործել է պետք, պաշտպանական խնդիրները այլևս դարձնելով ամենակարևորն ու առաջնայինը…

Համաձայն եմ, որ մենք լավ բանակ ունենք, բայց խնդիրներն էլ ահավոր շատ են, անելիքներն էլ…Լավի մասին անընդհատ նշելն էլ մեկ-մեկ տանում է ինքնահանգստացման ու ինքնաբավության: Քանի դեռ մենք այս առճակատման հետ կապված խնդիրներ ունենք, մեր այդ համակարգը պետք է աշխատի կենդանի օրգանիզմի նման՝ ամեն վայրկյան, ամեն ժամ, հստակ ու կազմակերպված, և ամենակարևորը՝ առանց կոռուպցիայի, առանց գռփելու ու թալանի…

Հա′, մի բան էլ…Հարգարժան ռուսամետներ ու արևմտամետներ մի′ կռվեք, մի′ <<կոտորեք>> իրար, ուղղակի դարձեք հայամետ, ազգակենտրոն, միասնական…Իսկ Ռուսաստանն ու Արևմուտքն իրար արժեն, նույնն են՝ ուղղակի տարբեր ամանների մեջ, և բնականաբար նրանց համար առաջնայինն իրենց պետությունների, իրենց աշխարհաքաղաքական շահերն ու խնդիրներն են: Ժամանակն է, որպեսզի Իսրայել Օրու և Խրիմյան Հայրիկի ժամանակաշրջանների, թղթե շերեփի մտածելակերպը վերանայենք, դառնանք իրատես, պահանջատեր, վստահ և հույսներս դնենք միայն ու միայն մեզ վրա՝ օգտագործելով ռուսներին ու արևմուտքին, և ոչ թե անմնացորդ տրվենք նրանց՝ թուլանալով ու հաճույք ստանալու ակնկալիքով…

Նույն շարքից