Գլխավոր Իրավական Հայաստան Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է տվել. Գևորգ Պետրոսյան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ աչքի է ընկել «ուշագրավ» հայտարարությամբ՝ ոհմակ անվանելով նրանց, ովքեր գնում են դիրքեր սելֆիներ անում և հրապարակում դրանք Ֆեյսբուքում: Այս թեմայով Analitik.am-ի թղթակիցը խոսել է ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որով նա ոհմակ է անվանում նրանց, ովքեր գնացել են դիրքեր, սելֆի արել ու լուսանկարները հրապարակել Ֆեյսբուքում:

- Ցանկալի կլիներ, եթե այդ հարցն ուղղեիք հենց հայտարարության հեղինակին, բայց քանի որ ինձ եք հարցնում, կասեմ իմ կարծիքը: Ես շատ բացասաբար եմ վերաբերվում նրա խոսքերին, քանի որ որևէ մեկը մեկին իրավունք չունի որևէ մեկին անվանել գայլ, ոհմակ և այլն: Առավել ևս իրավունք չկա ոհմակ անվանել այն մարդկանց, ովքեր, օգտվելով իրենց հայրենիք այցելելու իրավունքից, գնացել են Արցախ, շունչ են հաղորդել բնակչությանը, զինվորին: Պարտադիր չէ, որ բոլորը գնան այնտեղ համազգեստ հագնեն ու նետվեն մարտադաշտ, ի վերջո ամեն մեկին չեն էլ թողնում դա անել: Բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ մարդկանց ֆիզիկական ներկայությունն արդեն իսկ ուժ է տալիս արցախցուն, սահմանում կռվող զինվորին: Մի՞թե կարելի է այդպիսի անպատասխանատու հայտարարություն անել, ի՞նչ անենք, որ մի քանիսը նկարվեցին, թե՞ միայն ինքը դրա իրավունքն ունի: Կարծում եմ նա, ով օգտվելով իր կարգավիճակից, բարոյականություն, հանդուրժաղականություն, պարկեշտություն է քարոզում, իրավունք չունի նման հայտարարություններ անել այլոց հասցեին: Այս հայտարարությունը կարելի է նաև հիմք ընդունել տիկին Զոհրաբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու համար:

-Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ նկարվողներից բողոքողն ինքն էլ է նկարվում ու դրանք հրապարակում:

-Նրա խոսերի մեջ միշտ էլ հակասություններ են եղել, նա երբեք էլ ազնիվ չի եղել ժողովրդի հետ: Հերթական դեպքն էլ սա է, նա հագավ համազգեստ, լուսանկարվեց և այլն: Ինչ վերաբերում է նրան, որ նա սելֆի չի արել, ապա հնարավոր է դրա պատճառն այն է, որ մոտիկից նույնիսկ իր համար հաճելի չէ: Նա նկարվել է ուրիշի ձեռքով, որովհետև սելֆին ավելի տգեղ ցույց կտար:

-Ի՞նչ կասեք Զոհրաբյանի այն խոսքերի մասին, որ որոշ ընտանիքներ երկրի ողջ հարստությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում:

-Տիկին Զոհրաբյանը եղել ու մնում է մերկապարանոց հայտարարությունների մեծ սիրահար: Եթե այս դեպքում հայտարարությունը մերկապարանոց չէ, ինչո՞ւ նա չի անկեղծանում ու չի ասում, թե որ ընտանիքների մասին է խոսում: Ամեն դեպքում նրա խոսքերը բավարար են, որպեսզի այն համարվի հանցագործության մասին հաղորդում՝ դրանից բխող հետևանքներով: Բացի դրանից, նա այդ հայտարարությունն անելիս, ինքն իրեն հարց չի տալի՞ս՝ ինչու պետական բյուջեին կողմ քվեարկեցին, առանց հարցնելու, թե ինչու գումար չի հատկացվել պետության պաշտպանությանը: Նա ուղղակի փորձում է ջրից չոր դուրս գալ: Սա ուղղակի տիկին Զոհրաբյանի հերթական փիառ-ակցիան է: Նա բեռներ է տանում Արցախ, նկարում է և իր հրոսակների միջոցով Ֆեյսբուքում տարածում: Քննադատում է հրապարակային բարեգործություններ անողներին, բայց ինքն էլ է նույն բանն անում: Նա միշտ հակասում է ինքն իրեն, հետևաբար մենք գործ ունենք սեփական անձի փիառով զբաղվող մի քաղաքական մանրուքի հետ:

Նույն շարքից