Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված 1800-ից ավելի բողոքներից վճիռ կայացվել է միայն 60-ի մասով, և պետությունը վճարել է շուրջ 235 հազար եվրո:
Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայցը ստրասբուրգյան դատարանում ներկայացրած փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ Հայաստանի դատարանները ապօրինաբար զրկել իր վստահորդին սեփականությունից, խախտել են նաև նրա արդար դատաքննության իրավունքը:
Եվրադատարանում գործը հաղթած Կարեն Պողոսյանը որպես վնասի փոխհատուցում ՀՀ-ից պահանջել է 94 հազար եվրո: Գումարի չափը, սակայն, առայժմ հաստատված չէ:
Դեռ 2001 թվականին դատարանը ճանաչել էր Ալումյանի վստահորդի սեփականության իրավունքը: 7 տարի անց, սակայն, դատախազությունը ՀՀ-ի անունից բողոքարկել էր վճիռն ու դատարանի օգնությամբ զրկել քաղաքացուն իր սեփականությունից՝ հողամասից, որտեղ նաև նրա բիզնեսն է եղել:
«7 տարի հետո ասել, որ Հայաստանի Հանրապետություն տեղյակ չի եղել այդ վճռից, այդ վճիռը բողոքարկել․․․ Նույն Հայաստանի դատարանները տրամագծորեն հակառակ որոշում են կայացնում, երբ որ խոսքը վերաբերում է իրական իրավունքների վերականգնմանը, ինքը համարում է, որ այդտեղ իրավունքի հետ կապված խնդիր չկա և վարույթ չի ընդունում: Իսկ Եվրոպական դատարանը համարեց, որ շատ էլ լավ իրավունքի հետ կապված խնդիրներ կան», - ասաց Ալումյանը:
Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված 1800-ից ավելի բողոքներից վճիռ կայացվել է միայն 60-ի մասով, և պետությունը վճարել է շուրջ 235 հազար եվրո: Պաշտոնական այս վիճակագրությունը փաստում է նաև, որ վերջին 13 տարիների ընթացքում հայաստանցիները Ստրասբուրգ են դիմել հիմնականում ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքը պաշտպանելու համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մտահոգում է, որ այդ գումարները վճարվում են շարքային քաղաքացիների հաշվին․ - «Մենք բոլորս ենք վճարում: Առանձին ներկայացուցիչների պատասխանատվության հասցեագրման մեխանիզմ դեռևս մշակված չէ»:
Մանրամասն՝ azatutyun.am