Հայաստան Քաղաքական Միջազգային Ռազմական 

Բաքուն ցանկանում էր աշխարհին ցույց տալ, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի. Խոսրով Հարությունյան

«Ենթադրել, թե նման զարգացումները բացարձակապես անկանխատեսելի էին, սխալ կլինի և համոզված եմ, որ մեր ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունն ընդհանուր առմամբ տեղյակ են եղել լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությա մասին»,-այսօր՝ ապրիլի 12-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմը սպասո՞ւմ էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այսպիսի զարգացումների:

Անդրադառնալով արդբեջանական կողմի նպատակներին՝ պարոն Հարությունյանը նշեց, թե Բաքուն ցանկանում էր աշխարհին ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի. «Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե հակամարտությունը միայն ռազմական ճանապարհով կարող է լուծվել: Ըստ էության, սա ապտակ է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ միջազգային հանրության բոլոր նախաձեռնություններին:

Բաքուն նպատակ ունի զրոյացնել Մինսկի խմբի ֆորմատը, արժեզրկել այդ հարթակը, որից հետո խնդիրն այլ հարթակ տեղափոխելն ավելի հեշտ կլինի: Պետք է խոսել նաև այն մասին, որ հակառակորդն ուներ ռազմական նպատակները: Մասնավորապես խոսքը վերաբերում է դրան, որ ադրբեջանական կողմը ցանկանում էր տեսնել, թե ինչպիսին կլինի հայկական կողմի ռեակցեան նման ծավալի հարձակման դեպքում: Չի բացառվում, որ հաջողություն գրանցելու դեպքում թշնամին փորձեր զարգացնել դա՝ արդեն բանակցային գործընթացում ճնշում գործադրելով հայկական կողմի վրա»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ եզրակացությունններ կարելի է անել քառօրյա պատերազմից հետո՝ բանախոսն ասաց, թե այդ օրերը ցույց տվեցին, որ հայկական բանակը բավականին մարտունակ է և ունակ է դիմագրավելու նույնիսկ ամբողջ սահմանով իրականացվող հարձակմանը. «Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան չեզոքացրեց միայն ԼՂՀ Պաշտպանության բանակը, իսկ ՀՀ զորամիավորումները չմասնակցեցին մարտական գործողություններին: Անհրաժեշտ է արժանին մատուցել այդ տղաներին»:

Պատգամավորը խոսեց նաև երկրում ստեղծված մթնոլորտի մասին՝ նշելով, որ ձևավորվել է նոր բարոյահոգեբանական մթնոլորտ. «Այսօր այդ մթնոլորտն արմատապես տարբերվում է մարտի 31-ին գոյություն ուենցող մթնոլորտից: Կարծում եմ, որ այս համախմբվածությունը շատ կարևոր գործոն է, որի հետ հաշվի են նստելու հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերը: Այդ վերելքը պարտավորեցնում է նաև մեր իշխանություններին, որոնք պետք է շտկումներ անեն իրենց քաղաքականության մեջ»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այժմ ժամանակն է, որպեսզի մենք ռազմական, քաղաքական և դիվանագիտական ոլորտներում համախմբենք մեր կարողությունները և դառնանք ավելի ուժեղ:

Նույն շարքից