Հայաստան Քաղաքական Հասարակություն 

ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն այսօր լուջ քննություն պետք է հանձնեն. Խոսրով Հարությունյան

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, թե ինքն անակնակալի է եկել, երբ իմացել է, որ 200 միլիոն դոլարի վարկը, որով պետք է ռուսական զենք ձեռք բերվեր Հայաստանի համար, դեռ չի տրվել, և այդ զենքը դեռ չի եկել Հայաստան. «Այստեղ ոչ մի բացատրություն համոզիչ թվալ չի կարող: Այս փաստը խոսում է այն մասին, որ մենք պետք է հայ-ռուսական համագործակցության մեջ վերաիմաստավորենք մեր շահերն ու պատասխանատվությունը»:

Պատգամավորի խոսքերով, այս 4 օրը ցույց տվեցին, որ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում. «Բավական է հիշել միայն այն փաստը, որ զինադադարը հաստատվեց Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբերի պետերի հանդիպումից հետո, սակայն, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե մոսկովյան հանդիպմանը մասնակցեր նաև ԼՂՀ ՊԲ Գլխավոր շտաբի պետը, քանի որ հենց ԼՂՀ բանակն էր մասնակցում մարտական գործողություններին»:
Զենքի թեմային անդրադառնալով՝ Հարությունյանն ասաց, որ 80-ականների զենքը ասելով, չի նշանակում, որ այն ստեղծվել է 1980 թվականին, խոսքը վերաբերում է մոդելներին. «Ակնհայտ է, որ այս քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն առաջնորդվում էր հնարավորինս քիչ կորուստներով և ծախսերով առավելագույն խնդիրներ լուծելու սկզբունքով: Մենք տեսնում ենք, որ խնդիրը լուծված է, քանի որ Ադրբեջանը մեծ կորուստներ ունի և չի կատարել իր առաջադրանքը: Ցավոք հայկական կողմը ևս կորուստներ ունի, ինչից խուսափել հնարավոր չէ»:

Լրագրողներից մեկի այն այն հարցին, թե պե՞տք է սպասել արդյոք հակառակորդի կողմից նոր ագրեսիայի, պատգամավորն ասաց՝ այո: Նրա խոսքերով, Ալիևն իր նպատակներին չի հասել, դրա համար էլ կարող է կրկին փորձել. «Ալիևը հայտնվել է շատ հիմար վիճակում ու իր դեմքը փրկելու խնդիր ունի, ընդ որում նաև միջազգային հանրության մոտ»:
«Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է դասեր քաղենք այս քառօրյա պատերազմից, պետք է վերադասավորվենք ու վերախմբավորվենք, հրատապ կարգով որոշ զինատեսակներ ձեռք բերենք և այլն: Բացի դրանից, այսօր առանձնահատուկ նշանակություն է ստանում դիվանագիտական պայքարը: Խոսքն այստեղ վերաբերում է ինչպես արտգործնախարարությանը, այնպես էլ ԱԺ դիվանագիտական հնարավորություններին: Շատ կարևոր է փաստահավաք խմբի նյութերը օգտագործել և միջազգային հանրությանը ներկայացնել լիարժեք փաստաթուղթ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին, որոնք բնորոշ են ԻՊ-ի ահաբեկիչներին: Պետք է օգտագործենք արտասահմանյան երկրների խորհրդարանններում ունեցած մեր բարկեմաների ներուժը, նրանց հրավիրենք Արցախ, որպեսզի վերջիններս իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում: Մենք լուրջ աշխատանք պետք է կատարենք նաև ՀԱՊԿ շրջանակներում»,-ասաց օրենսդիրը:

Առահասարկ ՀԱՊԿ-ի վարքի մասին խոսելիս՝ Հարությունյանն ասաց, որ վերջին զարգացումները քննություն են նաև ՀԱՊԿ-ի համար. «Երբ երեք տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտագնա նիստ, օրակարգը մեկն էր՝ ռազմական քաղաքական իրավիճակի վերլուծութունը Հայաստանում, հետևաբար նաև ՀԱՊԿ անվտանգության գոտու Կովկասյան շրջանում: Ուսումնասիրության արդյունքում ստեղծվեց տեղեկանք, որում հստակ արձանագրված էին առկա սպառնալիքները և մարտահրավերները, որոնք կան Հայաստանի և ՀԱՊԿ-ի համար: Մասնավորապես արձանագրված է, որ Ռուսաստանն ու Բելոռուսը զենք են վաճառում երրորդ երկրի, որը կարող է այդ զենքն օգտագործել Հայաստանի, այն է՝ ՀԱՊԿ-ի դեմ:

Սրա վերաբերյալ հայտարարություն ընդունվեց, եղան համապատասխան հանձնարարականներ, ցավոք դա ոչինչ չտվեց…Այսօր ՀԱՊԿ-ը պետք է ցույց տա՝ մեկ միասնականությո՞ւն է, թե՞ դրա անդամ երկրները մատծում են միայն սեփական շահերի մասին: Կարելի է փաստել մի բան, որ ինչպես ՀԱՊԿ-ն, այնպես էլ ԵՏՄ-ն, գտնվում են սաղմնային փուլում ու հիմա պետք է կարողանան քննություն հանձնել, եթե ոչ, դրանք ապագա չունեն»,-հավելեց օրենսդիրը:

Նույն շարքից