Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հակամարտող կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները. մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին. Մոգերինի

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Մենք կրկին պնդում ենք, որ անհրաժեշտ է հրադադարի խիստ պահպանումը։ Քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի: Մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Մոգերինին:

Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է համախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ ի վերջո կարգավորումը կողմերի ձեռքերում է: Նրանք պետք է պատրաստ լինեն իմաստալից փոխզիջումների գնալ հանուն խաղաղության: Հրադադարը պահպանելուն և բանակցություններում ներգրավվելուն զուգահեռ պետք է ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր: Քայելրը և հայտարարությունները, որոնք կարող են առավել բարդացնել արդեն իսկ բարդ միջավայրը, պետք է դադարեն»,- ասել է նա:

Մոգերինին նշել է, որ մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները. «Այսօր այս ջանքերն առավել կարևոր են, քան երբևէ: Հակամարտության կարգավորումը կշարունակի լինել Հայաստանի և Ադրբեջանի որպես գործընկեր երկրների հետ ԵՄ-ի երկխոսության օրակարգում: Բռնությունների նմանատիպ պոռթկումից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, գիտեմ, կարող է անտեղին թվալ, բայց այդպես չէ, իրականում դա միակ տրամաբանական քայլն է: Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս-քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ»,- ասել է արել Մոգերինին:

Նույն շարքից