Հայաստան Քաղաքական 

Հատուկ տեխնոլոգիական սարքեր են պետք, որ գտնենք Էդվարդ Նալբանդյանին. Կարեն Վարդանյան

Այսօր՝ ապրիլի 13-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած քառօրյա սրացման մասին, նշեց, որ բացի անդառնալի կորուստներից, այդ չորս օրը մեզ շատ բան տվեցին, և մենք շատ բան պետք է հասկանանք:

Մասնավորապես խոսքը վերաբերում է այն բացթողումներին, որոնք կան արտաքին և ներքին քաղաքականության, ռազմաարդյունաբերության, զինված ուժերի կազմակերպման հարցերում և այլն:

Անդրադառնալով մեր սահմաններում տեղի ունեցող զարգացումներին ռուսական կողմի արձագանքին՝ Վարդանյանն ասաց, որ այս օրերին Ռուսաստանն իր խայտառակ դիրքորոշմամբ կարողացավ մեր հանրությանն ավելի շատ իր դեմ տրամադրել, քան ամերիկացիները, հսկայական գումարներ ծախսելով, ցանկանում էին անել վերջին տասնամյակների ընթացքում. «Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտնի հայտարարությունները մեզ համար դրական են, քանի որ այս կերպ մենք ազատվեցինք այն պրոռուսասական, պրոամերիկյան և առհասարակ պրո-իլուզիաներից, որոնք կային: Ռուսներն իհարկե դավաճանական քաղաքականություն վարեցին»:

Խոսելով արդեն հայկական կողմի բացթողումներին մասին՝ բանախոսը նշեց, որ մենք ականատես եղանք մեր արտաքին քաղաքականության բացակայությանը, և երևի թե հատուկ տեխնոլոգիական սարքեր են պետք, որպեսզի հնարավոր լինի գտնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին. «Այս կարգի անատամ ու բացակա մարդ ես չեմ պատկերացնում, որ կարող է լինել: Անգամ այսքան զոհերը չստիպեցին այդ մարդուն սթափվել և աշխատել: Ստացվում է, որ մենք արտաքին քաղաքականությամբ զբաղվող չունենք, և ամեն մարդ պետք է հույսն իր վրա դնի: Հնարավոր է՝ ինչ-որ վիզա տալու համար այդ հիմնարկությունը կա, բայց ոչ ավելին»:

Վարդանյանի խոսքով՝ հիմա արդեն հասկանալի է, որ մենք լուրջ բացեր ունենք նաև ռազմա-արդյունաբերական ոլորտում և մոբիլիզացիայի առումով. «Մենք տեսանք, թե ինչպես կամավորական խմբերը գնացին և շատերը բեռ դարձան դիրքերում կռվող տղաների համար: Այն, որ մարդիկ գնացին, դրական է, սակայն զինկոմիսարիատները պետք է կարողանային կազմակերպել գործը, ինչի՞ համար է դրանց գոյությունը, եթե չեն կատարելու նման աշխատանքներ: Զինկոմիսարիատները պետք է նախօրոք ցուցակ ունենային և որոշեին, թե որ մասնագետն ուր է գնալու և այլն: Իսկ այս դեպքում շատերին սնունդով և կացարանով ապահովելու խնդիր առաջացավ»:

Վարդանյանի խոսքերով, լավ կլինի, եթե Հայաստանում ռեզերվային բանակ լինի, տղամարդիկ պետք է տարեկան մեկ անգամ վերապատրաստվեն, ինչ-որ ժամանակ ծառայեն բանակում, որպեսզի օրհասական պահերին ամեն ինչ կազմակերպված լինի:

Որպես օրինակ նա նշեց Շվեյցարիայի և Իսրայելի օրինակները՝ հավելելով, որ փորձը կարելի է շատ հեշտությամբ տեղայնացնել, առավել ևս, որ մեր ժողովուրդն արդեն հասկացել է՝ հույսներս պետք է մեր վրա դնենք. «Նման բանակ մեզ պետք է, քանի որ մենք այսօր ենք Ադրբեջանի դեմ կռվում, բայց հնարավոր է ավելի ուշ ավելի լուրջ հակառակորդներ էլ լինեն»:

Նույն շարքից