Քաղաքական Ֆեյսբուք 

Ու՞ր են տանում Արցախի հանդեպ Ադրբեջանի նկրտումները

Արմեն Տաթև ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Պատմությունը չեն կերտում, այն պետք է ունենալ, պատմության միջով պետք է անցնել, պատմությունը կրել և վերապրել և ոչ հորինել, խեղաթյուրել ինչով իր ստեղծման օրվանից զբաղվում է հարևան Ադրբեջանի Հանրապետությունը` հենվելով ժողովրդի և մշակույթի վրա, որոնք նմանության ոչ մի եզրեր չունեն իր գոյության դեռևս մեկ դարն էլ չոլորած պետության հետ:

Ադրբեջանականորեն շարադրված Ադրբեջանի պատմությունը կարդալիս անգամ անզուսպ ծիծաղ է առաջանում, երբ նրանում հանդիպում ես ինքնակողմնորոշման միտումով կատարված անդրադարձ մ.թ.ա. 4-րդ հազարամյակին և դրան հաջորդող դարերին, որոնցից անհիմն կերպով փորձում է կառչել վերոնշյալ պետությունը իր ինքնությունը կերտելու և հնագույն երկիր լինելու պիտակն իր վար փակցնելու համար:

Ի վերջո ի՞նչ կապանքներով է պատմական Արցախը կապված ոչ պատմական Ադրբեջանին, և որքանո՞վ է արդարացի նրա մղած պայքարը ընդդեմ Արցախի: Շտապենք միանգամից պատասխանել` ոչ մի, և Արցախին տիրելու համար նրանց բերած փաստարկներն էլ չունեն ոչ մի ճշգրիտ հիմնավորում: Խոսենք փաստերի լեզվով:

Քաջ հայտնի են նրանց քաղաքականության պատմական հայեցակարգի ելակետային դրույթները` իբրև թե ադրբեջանցիները տեղաբնիկներ են և ժառանգն ու հետնորդներն են հյուսիսային և հարավային Ադրբեջանում երբևէ բնակված հայտնի էթնիկ ընդհանրությունների, ի դեմս` աղվանների, մարերի, ատրպատակնցիների և այլն: Ադրբեջանը համառորեն զարգացնում է միմյանց հետ սերտորեն կապված հակագիտական երկու տեսակետներ: Դրանցից մեկի համաձայն` Հայոց Արևելից կամ Աղվանից կողմերը հանդիսացող Ուտիքն ու Արցախը ոչ թե Մեծ Հայքի նահանգներ են, այլ, ի բնե Բուն Աղվանքի մաս կազմելով, բնակեցված են եղել աղվաններով:

Ըստ երկրորդի` ոչ վաղ անցյալում կովկասյան թաթարներ անվամբ հայտնի, այժմ ադրբեջանցի վերանվանվածները ոչ թե եկվոր թյուրքերի, այլ աղվանների օրինական ժառանգներ են: Այս պատմաշինարարության արդյունքում արցախյան իշխանատոհմերի էթնիկ պատկանելությունը նենգափոխվում է, և նրանք հռչակվում են աղվաններ, այսինքն` ադրբեջանցիներ: Այս մտավարժանքով փորձ է արվում հիմնավորել Արցախի նկատմամբ ադրբեջանական նկրտումները:

Հակառակ պատմության` ադրբեջանական կեղծարարների կեղծ պնդումների` արցախյան իշխանատոհմերը հայկազուն էին: Դա են վկայում ինչպես հայկական վիմագիր ու գրավոր, այնպես էլ` չեզոք, օտար սկզբնաղբյուրներում պահպանված բազմաթիվ անհերքելի տեղեկություններ, որոնք ադրբեջանական պատմահենները կամ անտեսում են, կամ էլ խեղաթյուրում: Նախ և առաջ նրանք ձգտում էին չհիմնավորված կերպով հնացնել սեփական պատմությունը, իրենց ներկայացնել որպես հին մշակույթի կրողներ` Աղվանքի զբաղեցրած տարածքի արհեստականորեն մեծացմամբ, հայկական Ուտիք և Արցախ նահանգների յուրացմամբ և այլն: Կովկասյան Աղվանքը կամ բուն Աղվանքը, որը Ադրբեջանն համարում է իր նախահայրենիքը, ինչպես վկայում են Անանիա Շիրակացու Աշխարհացույցը, հույն աշխարհագրագետ Ստրաբոնը և այլք, ձգվում էր Վրաստանից մինչև Կասպից ծովը և Կովկասյան լեռներից մինչև Կուր գետը: Անտեսելով այս վկայությունները կամ դրանք ուղղելով իրենց այլ պնդումների փաստարկմանը` ադրբեջանցի պատմահենները փորձում են Կուրի և Արաքսի միջև ընկած Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգները տեղադրել հունա-հռոմեական աղբյուրներում հիշատակվող Ալբանիայի տարածքում: Իսկ իրականում Աղվանքը տեղակայված էր Կուր գետի ձախափնյա շրջանում, ինչի մասին վկայությունները բավականին շատ են:

Հայտնի է, որ IV դարի II կեսին և V դարում Հայաստանում տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ (387 թվականի Հայաստանի բաժանում, այնուհետև Արշակունյաց հարստության անկում և այլն): Պարսկաստանը, իր իշխանության տակ առնելով հյուսիս-արևելյան Հայաստանը, ինչպես նաև Կովկասյան Աղվանքը, ի թիվս վարչական այլ միավորների, ստեղծեց Աղվանական վարչական միավոր` բուն Աղվանքից և Հայաստանի Ուտիք ու Արցախ նահանգներից: Արցախը մնացել է Հայաստանի կազմում մինչև V դարի վերջը և իրական մասնակցություն ունեցել 450-451 թվականների ապստամբությանը:

Ուստի, սխալվում են այն հետազոտողները, որոնք Արցախը համարում են Աղվանից մարզպանության մաս` սկսած 387 կամ 428 թվականներից: Այս նոր Աղվանքը շուրջ երկու անգամ ավելի մեծ էր, քան բուն Աղվանքը` թե՛ աշխարհագրական առումով, թե՛ բնակչության քանակով: Այլ կերպ ասած` նրա շուրջ կեսը Հայաստան էր: Ըստ այդմ, նոր Աղվանքում որպես պետական ու պաշտոնական լեզու, իշխում էր հայոց լեզուն: Այս երևույթի հետագա խորացմանը նպաստում էր նաև աղվանական եկեղեցին, որը ոչ այլ ինչ էր, քան հայկական եկեղեցու մի թևը: Մանավանդ, որ երկրի հոգևոր առաջնորդներն էլ, հիմնականում, հայեր էին: Այդ հատվածի վրա ամենից առաջ իշխել են Արշակունի թագավորները մինչև VI դարի առաջին տասնամյանկը, ապա` Միհրանյան և Առանշահիկ տոհմերը, այնքան ժամանակ, մինչև երկրի ողջ ղեկավարումն անցնում է հայ ֆեոդալների ձեռքը: Բայց միմյանց հետ շփոթած բուն Աղվանքը և Հայոց Արևելից կողմանքը շատ մասնագետների` մասնավորապես ադրբեջանական, դիտվում են որպես միայն աղվանական ցեղերի և նրանց հայրենիքի հետ կապված հասկացություններ:

Տուրք տալով աղվանականը ադրբեջանականի հիմնական ակունք համարելու ընդարձակ գաղափարախոսությանը` տարբեր եղանակներով անտեսվում է պատմական Հայաստանի վերոհիշյալ գավառների հայկականությունը, ինչպես պատմական, այնպես էլ էթնիկական առումով: Տարվելով աղվանականը հայկականից հեռացնելու մոլուցքով` ադրբեջանցի հեղինակներից մեկը հայտարարում է, որ հայերը բնակություն են հաստատել Ադրբեջանի տարծքում միայն XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին: Գիտակցելով, որ այս ամենը հակասում է հայ միջնադարյան պատմիչների ցուցումներին` նրանց մեղադրում է կողմնակալության և պատմական իրականության աղավաղուների մեջ:

Գործի դնելով իրենց «ամենակեր» հարացույցը` ադրբեջանցի մասնագետները, մեկը մյուսից ոգեշնչվելով` տարբեր կերպով վերակերտում են աղվանական պատմությունն ու մշակութը` դրան տալով իրենց ցանկալի ընթացք և բովանդակություն: Այլ կերպ ասած`ադրբեջանական մտավորականությանը այժմ էլ մտահոգում է նոր նախնիների փնտրտուքը` ձգտելով ապացուցել, որ ներկայիս ադրբեջանցիները մահմեդականություն ընդունած աղվաններն են:

Նրանց առաջադրած գաղափարները, ինչպես նաև անհեթեթ եզրահանգումները, ըստ էության, պատմական իրականության գիտակցված աղավաղումներ են, որոնք ծառայում են հատուկ նպատակի: Ադրբեջանցի կոմպոզիտոր Ալլահվերդին ասում է. «Ադրբեջանական ազգը հին ազգ է. այս արտահայտությունը հասկանալն անհնար է: Մենք ի՞նչ հին ազգ, եթե անունը հորինվել է 30-ական թթ. Ստալինի հրամանով»:

Ադրբեջանի պատմագրությունը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության հսկողության ներքո: Գիտնականներին թելադրվում է, թե որ «գիտական թեզն» է պետք այդ շրջանում «ապացուցել»: Ադրբեջանցի պատմագետների մեծամասնությունը ստիպված է աշխատել քաղաքական պատվերների շրջանակներում: Երբ խոսքը մշակութային քաղաքականության մասին է, ապա կարիք կա առաջնությունը տալու իրական փաստերին, ընտրել այնպիսի չեզոք նկարագրություն և հետազոտման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան երևույթները, պատմական իրադարձությունները ադեկվատ ընկալելու, դրանք վերարտադրելու և միայն դրանից հետո ինչ որ եզրահանգումներ կայացնելու, ինչը տվյալ պարագայում բոլորովին տեսանելի չէ:

Մեր համոզմամբ աղվանական ժողովրդի կազմավորումը, ի տարբերություն հայերի ու վրացիների, մնացել է անավարտ: Իրականում աղվանական, այդպես էլ մեկ ընդհանրության չհասած ցեղերը, ձուլվելով պարսկական, արաբական ու զանազան այլ ցեղերի հետ, դուրս եկան պատմության ասպարեզից, իսկ ադրբեջանական ժողովրդի նախնիներ համարվող օղուզ-թյուրքերի ներխուժումների հետևանքով առաջացան բոլորովին նոր էթնիկ թուրքալեզու կազմավորումներ, որոնց միավորում էր միասնական կրոնը (իսլամ), լեզուն ու մշակույթը: Նրանք ոչ մի ընդհանրություն չունեին Աղվանքի բնակչության հետ:

Նույն շարքից