Ապրիլի 11-18-ը Երեւանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային եւ ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության եւ ԵՊՀ-ի միջեւ գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ եւ ստանում տեսական ու գործնական գիտելիքներ:
Հաշվի առնելով մեծ թվով կամավորների առկայությունը (շուրջ 200 ուսանող)՝ Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողների հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ: