Հասարակություն Տնտեսություն 

ՎՏԲ-ի զոհերը. Մտածում եմ, որ մի օր գալու են տունս ձեռքիցս վերցնեն. Զ. Ալեքյան

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ստորագրահավաք ենք սկսել՝ պահանջելով ՀՀ կենտրոնական բանկից անվավեր ճանաչել ռուս-ադրբեջանական ՎՏԲ-Հայաստան բանկի գործունեության արտոնագիրը: Մենք ամեն օր զանգեր ենք ստանում Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեր քաղաքացիներից, ովքեր ներկայացնում են, թե ինչ խնդիրներ են ունեցել վերոնշյալ բանկի հետ: Զանգերից մեկն էլ Քաջարանից էր, իսկ զանգահարողը՝ Ա. Զ.-ն: Նա մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ 2014 թվականին ՎՏԲ-Հայաստան բանկի Կապանի մասնաճյուղից իր և կնոջ անուններով վարկ է վերցրել ծնողների հուղարկավորության ծախսերը հոգալու համար.

«Նախ ասեմ, որ իմ ու կնոջս վարկային պատմությունն իդեալական է, իսկ վարկը մարման գրաֆիկով չէր, միայն տոկոսով էր: Այս տարի մարտի 25-ին ես պետք է փակեի վարկը, սակայն հասկանալով, որ դա չեմ կարող անել, դեռ հունվարի 16-ին, երբ արդեն աշխատում էի պղնձամոլիբդենային կոմբինատում, դիմեցի բանկին՝ ներկայացնելով իրավիճակը, ասելով, որ չեմ կարող մարտի 25-ին փակել վարկը և խնդրելով ինչ-որ կերպ ընդառաջել: Նրանք ինձ պատասխանեցին՝ խնդիր չկա և ասացին, որ կարող են վարկը երկարացնել: Բայց ինձ ասացին, որ դա կլինի միայն այն դեպքում, եթե ես ու կինս մեր աշխատավարձերը, որոնք ստանում էինք այլ բանկից, ստանանք հենց իրենց բանկից: Մեզ նաև ասացին, որ համապատասխան գործարքը կնքելու համար պետք է երկու անգամ մեր աշխատավարձերը ստանանք, որից հետո միայն հնարավոր կլինի վերավարկավորում կատարել: Մենք արեցինք իրենց ասածով, երկու անգամ աշխատավարձ ստացանք: Դրանից հետո՝ մարտի 16-ին, ես գնացի բանկ՝ տեղյակ պահելու, որ արդեն ժամանակն է: Բանկում ինչ-որ հաշվարկներ արեցին և ասացին, որ գործարքի համար գումարը չի հերիքում: Մեզ առաջարկեցին գործարքն անել այն ժամանակ, երբ ես ու կինս ավանս կստանանք, իսկ ես ավանս ստանում եմ ամեն ամսվա 22-25-ին: Երբ ես հարցրեցի, թե երբ է գործարքը լինելու, ինձ պատասխանեցին՝ երբ ավանսը ստանաք: Ես կարող եմ ասածս ցանկացած բառի տակ ստորագրել… Ստացվեց այնպես, որ ավանս ստացա հենց մարտի 25-ին՝ ուրբաթ օրը, ժամը 18:00-ից հետո, ինչպես հիմնականում լինում է: Հաջորդ օրն աշխատանքային օր էր, և ես ու կինս գնացինք բանկ, սակայն մեզ ասացին, որ աչքներս լույս, մի օր ուշացրել ենք: Հիմա մեզ չեն ասում, թե ինչ է լինելու, մենք չգիտենք, թե ինչ է գալու մեր գլխին: Բայց սա դեռ ամենը չէ: Մեզ բանկում ասացին, որ բացի վճարելիք գումարից 200 հազար ես պետք է վճարեմ, 100 հազար՝ կինս, քանի որ երկու տարի մենք 14-18 հազար ամսական վճարում ենք կատարել, այնինչ պետք է 22 հազար վճարեինք: Բայց մեզ ոչ մի անգամ չեն ասել այդ մասին, ինչպե՞ս է դա լինում: Լավ, ես չեմ ուզում մեղքը բարդեմ նրանց վրա, հնարավոր է նրանք ասել են, որ պետք է 22 հազար վճարեմ, բայց եթե ես դա չեմ արել, ինչո՞ւ գոնե մեկ անգամ չեն զգուշացրել այդ մասին: Ամեն դեպքում ասեմ, որ մարտի 18-ին դիմել եմ բանկին, այնտեղ ինձ ասել են, որ մի բան կանեն՝ իբր մեղքն իրենցն է: Բայց իբր չէ, մեղքն իրականում հենց իրենցն է…Ինձ ասացին, որ մեկ շաբաթ հետո պատասխանը պարզ կլինի, բայց արդեն 15 աշխատանքային օր է անցել, ինձ ոչ մի բան չեն ասում, ես էլ մտածում եմ, որ մի օր գալու են տունս ձեռքիցս վերցնեն, ոչ մի բան չեն ասում ինձ»:

Պարոն Ալեքյանը նաև ասաց, որ Քաջարանում էլի մարդիկ կան, ովքեր լուրջ խնդիրներ ունեն ՎՏԲ-Հայաստան բանկի հետ:

Նույն շարքից