ԱՄՆ Պետդեպը հրապարակել է 2015թ. մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցը, որի Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ մեր երկրի ամենամեծ խնդիրը իշխող ՀՀԿ կուսակցության աջակցության համար կառավարական ռեսուրսների օգտագործումն է:
Մյուս խնդիրների թվում են ֆավորիտիզմի նպատակով տնտեսական եւ քաղաքական լծակների օգտագործումը, իրավապահ եւ դատական համակարգում կոռուպցիան եւ դատավորների ոչ լիակատար անկախությունը: Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղական եւ միջազգային դիտորդները, լրագրողները մատնանշել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ կրկնաքվեարկության դեպքեր, լցոնումներ, ընտրական հանձնաժողովների անդամների եւ դիտորդների ահաբեկման դեպքեր:
Թվարկած խնդիրների շարքում են բանակում կասկածելի մահվան դեպքերն ու զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքը, որոնք անպատիժ են մնում:
Տեղեկություններ կան ոստիկանությունում ծեծելով ցուցմունք կորզելու մասին, բանտարկյալների սանիտարական եւ բժշկական վատ պայմանների մասին, ասված է զեկույցում:
Լրատվամիջոցներում զգացվում է քաղաքական տարակարծության պակաս, նրանց մեծ մասն արտահայտում են իշխանությունների կարծիքը:
Իշխանությունները 2008թ. մարտի 1-ի դեպքերի համար ոչ ոքի պատասխանատվության չեն կանչել:
Մարդու իրավունքների ոտնահարումներին անդրադառնալով՝ զեկույցն առանձնացնում է հունվարի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահը: Գործով 4 կուրսանտներ էին ձերբակալվել: Իսկ մայիսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ կան շատ վկաներ, որոնք վախենում են ցուցմունք տալ:
Հիշատակվում է նաեւ Վանաձորի բնակիչ Անի Բոշյանի դեպքը: Հետաքննվում էր ոստիկանությունում նրան ծեծելու, ծաղրի ենթարկելու եւ ինքնասպանության հասցնելու գործը: Այդուհանդերձ ապրիլի 17-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել էր գործը:
Ոստիկանության քննչական մեկուսարանների հասարակական վերահսկման խմբի հայտարարության համաձայն՝ իրավապահները կալանքն օգտագործում են որպես պատժի ձեւ: Պաշտոնական տեղեկություններով՝ 2015թ. առաջին 10 ամսվա ընթացքում Ոստիկանությունը կալանավորվածների մոտ կեսին բաց է թողել առանց մեղադրանք ներկայացնելու: