Հասարակություն Քաղաքականություն 

Մեզ վերաբերում են թշնամաբար կամ որպես գրպանի մանրադրամ, նրանց կոչում ենք դաշնակից. Ռուբեն Մեհրաբյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ալիևը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրեց դրսից ինչ-որ ուժի հրահրմամբ, փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մարտական գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը դեռ օդում էր և Միացյալ Նահանգներից վերադառնում էր հարազատ Ադրբեջան.

«Բանն այն է, որ ԱՄՆ-ում Ալիևին էներգետիկ ոլորտում լուրջ առաջարկներ էին արել, սակայն այդ բազմամիլիոնանոց պայմանագրերի համար նրանից պահանջել էին երաշխիքներ, որ տարածաշրջանում պատերազմ չի լինի: Իրականում, սա շատ տրամաբանական պահանջ է, որը, սակայն, իսկական ցայտնոտի մեջ էր գցել Ալիև կրտսերին: Դրանից հետո նրանից պահանջել են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները՝ կապված շփման գծում մոնիթորինգի նոր միջազգային մեխանիզմի և զինադադարի հնարավոր խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման հետ, ինչից Ալիևը անընդհատ փախչում է»: Այս առաջարկներից հետո, փորձագետի խոսքերով, Ալիևը հասկացել է, որ վերջին շանսն ունի.

«Ընդ որում, Ռուսաստանին ևս այդ մեխանիզմների ներդրումը ձեռնտու չէ, քանի որ Մոսկվան, չնայած դեմ է լայնամասշտաբ պատերազմին, սակայն դեմ է նաև խաղաղությանը, քանի որ ցանկանում է կառավարելի անկայություն ունենալ, ինչի շնորհիվ կկարողանա ազդել երկու կողմերի վրա: Ընդ որում, Ռուսաստանը ցանկանում է, որ այդ անկայանության վահանակը լինի իր ձեռքում, ինչի շնորհիվ դրանից կկարողանա օգտվել այն ժամանակ, երբ ցանկանա, սա ռուսական քաղաքականությունն է: Այստեղ Ալիևի և Պուտինի պետրոկրատյան շահերը համընկան թե ժամանակի, թե տարածության առումով, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ռուսներն Ալիևին ժամանակ էին տվել իր սև գործն անելու համար, ինչը վերջինիս չհաջողվեց անել հայ զինվորի շնորհիվ: Իսկ դրանից հետո, երբ գործընթացը դարձավ անկառավարելի և երբ տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազանգը, Մոսկվայում հանդիպման հրավիրվեցին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շտաբերի պետերը և հայտարարվեց զինադադարի մասին»,-ասաց Մեհրաբյանը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որ հանդիպման առաջարկը, Մոսկվայի ներկայացմամբ, եղել է ադրբեջանական կողմից և այն ժամանակ, երբ հայկական կողմը, լիկվիդացնելով հակառակորդի հարվածը, ետ էր բերել կորցրածը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու է փորձագետը կարծում, որ նոր ոտնձգությունը լինելու է ավելի լայնամասշտաբ՝ վերջինս ասաց, որ տեղի ունեցած մարտական գործողություններն իրենց մեջ մի շատ կարևոր տարր էին պարունակում, խոսքը վերաբերում է «հետախուզություն մարտով» մեթոդին. «Ադրբեջանական կողմը ցանկանում էր հասկանալ, թե որքանով է ինքը ուժեղ և ինչի է ունակ հայկական բանակը: Իհարկե, հայկական կողմը ենթադրություններ արեց, սակայն նման եզրահանգումներ արեցին հաստատ նաև ադրբեջանցիները, որոնք հաջորդ անգամ իրենց նպատակին հասնելու ավելի մեծ ուժեր են ներգրավելու, սակայն դա դժվար թե լինի տեսանելի ապագայում: Բացի դրանից, մի մոռացեք այն թեզը, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է բռնի միջոցներով, իսկ եթե նման պատերազմների բերող քաղաքականությունը չի փոխվում, պետք է նոր փուլի սպասել: Այդ ընթացքում մենք մեր թիկունքի հարցը պետք է լուծենք»:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Հայաստանը, որքան էլ հզորանա, չի կարողանա դիմագրավել Թուրքիային և Ադրբեջանին՝ փորձագետն ասաց, որ միջպետական դիմակայությունները ձեռնամարտ չեն, որտեղ քաշային տաբերությունն իր դերակատարումն ունի.«Ի վերջո ինչի համար է դիվանագիտությունը: Հենց դիվանագիտության միջոցով մենք պետք է կարողանանք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ և չեզոքացնել մեր թշնամիների բոլոր մտահաղացումները:

Դրա փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչում է կայանում մեր դիվանագիտությունը՝ նրանք, ովքեր մեզ վերաբերում են թշնամաբար կամ որպես գրպանի մանրադրամ, նրանց կոչում ենք դաշնակից, իսկ նրանք, ովքեր կարող էին դառնալ մեր բարեկամները, մեր կողմից անուշադրության են արժանանում: Մենք ունենք չորս հարևան, որոնցից երկուսի հետ լրջագույն խնդիրներ ունենք, և ունենք երկու այլ հարևան, որոնցից ինքներս ենք մեկուսանում: Վրաստանի դեպքում մեկուսանում ենք ԵՏՄ-ով, իսկ Իրանի դեպքում՝ ռուսներով: Այսօր Իրանը մտածում է, թե ինչ ճանապարհով իր հզոր ներուժը դուրս հանի, իսկ մենք ոչինչ չենք անում: Հայ-իրանական հարաբերությունների միակ խնդիրը հայ-ռուսական հարաբերություններն են, և այսքանից հետո մեր դիվանագիտության պատասխանատուները դեռ խոսում են»:

Նույն շարքից