Հայաստան Ռազմական 

ՀՀ և ՌԴ պաշտպանության հանձնաժողովների համատեղ հայտարարության տեքստ չներկայացվեց. ռուս գործընկերները ժամանակ են խնդրել

analitik.am

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով կողմերի միջև համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստ կընդունվի: Հայտարարության տեքստը, սակայն, կներկայացվի ավելի ուշ, քանի որ ռուսական կողմը ժամանակ է խնդրել այն համաձայնեցնելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկել նիստի ընթացքում, բայց նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համատեղ հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ: «Ռուսական կողմը ժամանակ է խնդրել, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի մշակման ուղղությամբ, և մենք համաձայնվել ենք, որ տեքստը համաձայնեցնենք, և նոր միայն հրապարակայնեցվեն»,- ասել է նա:

Նահապետյանի խոսքով՝ տեքստը պարունակել է բոլոր այն մտահոգությունները, որ քննարկվել է համատեղ նիստի ընթացքում: «Տրվելու է կոնկրետ գնահատականներ և տեքստում լինելու է առաջակություններ գործնական քայլեր կատարելու և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակն առավել ապահով պահելու, նաև՝ անվտանգության համակարգն ամրապնդելու համար»,-ընդգծեց Կորյուն Նահապետյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային, որն ուղեկցվել է լայնամասշտաբ ռազմական գործողություններով: «Քննարկման մասնակիցների կողմից կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը և բանակցային գործընթացի շարունակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ընդգծեց Նահապետյանը:

Համակողմանի անդրադաձ է կատարվել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ուղղությունների, ռազմատեխնիակական և ռազմաարդյունաբերական ոլորտներում երկկողմ համագործակցության ոլորտներում, մասնավորպես ՀՀ և ՌԴ ԶՈւ-երի փոխգործակցության ամրապնդմանը և հակաօդային պաշտպանական ուժերի միասնական համակարգի ստեղծմանը, Հայաստանի զինված ուժերը ժամանակակից սպառազինություններով համալրելու հարցերը:

Քննարկվել է նաև համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների հարցը, և այդ նպատակով կարևորվել է օրենսդրության ներդաշնակեցման հարցը: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին իր հերթին նշեց, թե քանի որ շատ ավելի վաղ էր նախատեսված նիստն անցկացել, ուստի և չէին կարող նման զարգացումները ենթադրել, ուստի ժամանակ են խնդրել հայտարարության տեսքը համաձայնեցնելու համար: Նա նշեց, որ լիարժեք փոխըմբռնման են հասել և խոսել են պարտավորությունների կատարման մ ասին: «Մենք հայ գործընկերներից ստացել ենք բավարար տեղեկատվություն, լսել նրանց գնահատակնները, և պետք է հասկանանք, թե ինչպիսի քայլեր պետք է անենք: Մենք պետք է ունենանք միասնական դիրքորոշում»,-եզրափակեց նա:

Նույն շարքից