Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀԲԸՄ 110-րդ տարեդարձի կապակցությամբ

analitik.am

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ` կառույցի 110-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Հարգելի´ պարոն Սեդրակյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով:

Փառահեղ անցյալ ունեցող այս հզոր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, իրապես հիացմունքի է արժանի: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում վեհ գաղափարների շուրջ համախմբված անձինք մշտապես հանդես են եկել հայանպաստ եւ հայրենապաշտ գործունեությամբ եւ օգնել դիմակայելու տարբեր ժամանակներում մեր ազգին նետված մարտահրավերների աշխարհի տարբեր անկյուններում:

Իր ողջ գոյության ընթացքում Բարեգործականը եղել եւ շարունակում է մնալ հայապահպանության հենասյուներից մեկը։ Դրա վառ վկայությունն են այն ծրագրերը, որոնք իրականացրել եւ իրականացնում է ՀԲԸՄ-ն Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում:

Այս հոբելյանը դիմավորում ենք նոր եւ ծանր մարտահրավերների դիմակայելով. հայրենիքի շուրջ եւ սփյուռքում տեղի ունեցող իրադարձություները բոլորիս առջեւ նոր հիմնախնդիրներ են դրել։ Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք զգոն չլինելու, եւ որ մեր ժողովրդի անվտանգության դեմ ոտնձգություններին դիմագրավելու միակ ճշմարիտ ուղին մեր համախմբված եւ միասնական լինելն է: Այս գործելաոճով է միշտ առաջնորդվել ՀԲԸՄ-ն:

Հարգարժա´ն պարոն Սեդրակյան,

Վստահ եմ, որ այսուհետ եւս Ձեր ղեկավարած կառույցն անշեղորեն շարունակելու է իրականցնել ազգանվեր նոր ձեռնարկներ՝ ի նպաստ մեր համազգային խնդիրների լուծման:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին այս նշանակալի տարեդարձի առթիվ:

Թող այս հոբելյանը Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր մասնաճյուղերի եւ ողջ հայ ժողովրդի համար լինի բարություն, ջերմություն եւ խաղաղություն սփռող յուրօրինակ ազդակ:

Մաղթում եմ Ձեզ եւ կառույցի բոլոր անդամներին բեղուն աշխատանք, անսպառ եռանդ՝ ի նպաստ հայ ժողովրդի լուսավոր ապագայի եւ ի փառս հայրենիքի»,- ասվում է նախագահի ուղերձում:

Նույն շարքից