Հասարակություն Քաղաքականություն 

Խիստ վերահսկողություն` ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքներին

analitik.am

Երևանի քաղաքապետարանում հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման գործը պատշաճ կազմակերպելուն և վերահսկողություն սահմանելուն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատու ստորաբաժանումների պետերն ու աշխատակիցները։
Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ մայրաքաղաքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգումը Երևանի ավագանու կողմից հաստատված որոշումների պահանջներ են, որոնց հիմքում մայրաքաղաքի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի բարելավումն ու պահպանումն է: Այս գործառույթները տնտեսվարողների կողմից ենթակա են պարտադիր կատարման: Միաժամանակ հատկանշվել է, որ տվյալների բազայի միջոցով այսուհետ ևս խիստ վերահսկողություն կիրականացվի տնտեսվարող սուբյեկտների տիրապետած գույքի և հարակից տարածքի արտաքին տեսքի, պարտավորությունների բնույթի, ծավալի և կատարման ժամկետների վերաբերյալ։
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն հանմգամանքին, որ սեփականատերերին կամ վարձակալներին իրենց պարտավորությունները կատարելու պահանջով տրվող փաստաթղթերում, այդ պարտավորությունների բնույթը նշելիս, ցուցաբերել անհատական մոտեցում: Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է պարտադիր նորմերի խախտումների վերաբերյալ կազմվող վարչական արձանագրությունների թիվը։ Այդուհանդերձ, կարևորվել է մշտական և խիստ վերահսկողության ապահովումը: Վարչական շրջանների պատասխանատուներին հանձնարարվել է աջակցել անշարժ գույքի սեփականատերերին`տարածքների արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում: Վարչական շրջանների տվյալների բազայի պատասխանատուներին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքները, որոնց շնորհիվ կապահովվի 2016թ. Երևանում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ և թարմացված տեղեկատվություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

Նույն շարքից