Հասարակություն Մշակույթ 

Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Փարիզում

analitik.am

Դեկտեմբերի 8-ին Փարիզի հեղինակավոր «Salle Gaveau» մեծ համերգասրահում տեղի է ունեցել 1988թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված երեկո` «Շնորհակալություն Ֆրանսիա. Հայաստանը հիշում է» խորագրով:

Գյումրիում ծնված և 1988թ. ավերիչ երկրաշարժի փլատակներում իր ծնողներին կորցրած օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանի նախաձեռնությամբ նույն բեմում միավորվել էին կինոգործիչներ Սերժ Ավեդիկյանը և Լևոն Մինասյանը, օպերային երգչուհի Իզաբել Շարլը, ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը, թավջութակահար Դոմինիկ դե Վիլիենկուրը և դաշնակահար Աշոտ Խաչատրյանը:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` ընդգծելով հայ ժողովրդի երախտագիտության բարձր զգացումը միջազգային հանրության և հատկապես Ֆրանսիայի հանդեպ` երկրաշարժին հաջորդած լայնածավալ օգնության համար: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Սերժ Ավեդիկյանի և Լևոն Մինասյանի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի և դրա հետեւանքների մասին պատմող "Lux Aeterna" և "Terra Emota" կարճամերտրաժ վավերագրական ֆիլմերը: Երեկոյի համերգային մասում երգիչներն ու երաժիշտները կատարեցին Կոմիտասի, Սպենդիարյանի, Եկմալյանի և այլոց ստեղծագործությունները:

Ընդմիջման ընթացքում հուշ-երեկոյի ներկաները տեղափոխվել են դեպի «Salle Gaveau»-ի ցուցասրահ, որտեղ կայացել է ֆրանսիացի լուսանկարիչներ Էլզա Ֆաբրեի և Գրեգորի Կոմբի ցուցահանդեսի բացումը` կոչված ներկայացնելու օր օրի վերափոխվող Գյումրին` իր ներկայիս բոլոր գույներով:

Նույն օրն առավոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագներ են մատուցվել են Փարիզի Սուրբ Հովհանես-Մկրտիչ եկեղեցում և Ֆրանսիայի այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

Նույն շարքից