Հասարակություն 

Թող 2015 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի. Հովիկ Աբրահամյանի ուղերձը

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամանորյա ուղերձ է հղել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Հովիկ Աբրահամյանը նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2014 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: 

Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների: Այն իր դժվարություններով հանդերձ, ևս մի քայլ եղավ մեր պետականության ամրապնդման, երկրի հզորացման և մեր կյանքի բոլոր բնագավառների բարեփոխման ճանապարհին: 

2014 թվականի մայիսին ձևավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն և նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր և քաղաքական կամք: 
Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բար ելավման և արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2015 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ:

Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին` անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները և ձգտում նոր նպատակների: Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, մեր երկրի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից:

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին և համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ, մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները: 

Սիրելի՛ հայրենակիցներ

Տարեմուտի այս նվիրական պահին կուզենայի շեշտել մեր հասարակության, ամբողջ ժողովրդի միասնության անհրաժեշտությունը: Դա հատկապես կարևոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ևս մեկ անգամ աշխարհին կվերահաստա տենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2015 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նույն շարքից