ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում իրավիճակի սրմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները:
Դեսպան Բեխլերը նշել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում իրավիճակի սրմամբ, եւ ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Զրուցակիցները շեշտել են հատկապես ստեղծված պայմաններում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված՝ եռանախագահ երկրների ջանքերին անվերապահ աջակցության կարեւորությունը։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են եւ հստակ ձեւակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա»։