Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովի ամբիոնից քննադատության է ենթարկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու համար:
Ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստում, Նաիրա Զոհրաբյանը ներկաներին հիշեցրել է, որ Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել, ինչն ուղեկցվել էր նաև ռազմական հանցագործություններով:
«Հայտնի է, որ ԵԽԽՎ գործող նախագահը հանդիսանում է Ալիևի խոսնակը, նա եղել է Ադրբեջանում և հաստատել է իր աջակցությունն Ալիևի ռեժիմին: Նա իր հայտարարություններով ու քայլերով միշտ աջակցել է Ալիևի ռեժիմին, սակայն Եվրոպայի խորհուրդը պետք է հարգի Եվրոպայի քաղաքացիների իրավունքները, իսկ վեհաժողովի նախագահը պետք է լուրջ լինի և չպաշտպանի ակնհայտ բռնատիրությունն ու ռազմական հանցագործությունները»- եզրափակել է Զոհրաբյանը: