«Երբ զուգահեռներ ենք անցկացնում Հայոց Ցեղասպանության իրագործման տարիների և մեր օրերի միջև, հստակ տեսնում ենք, որ մամուլը միշտ մեծ դերակատարում է ունեցել թեման արծարծելու գործում: Ընդհանրապես պետք է ասել, որ Հայոց Ցեղասպանության թեմայի վերաբերյալ վավերագրեր, ապացույցներ կուտակելու առումով համաշխարհային մամուլի դերակատարումն անգնահատելի է»,-այսօր՝ ապրիլի 18-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է միջազգային մամուլը լուսաբանել 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը՝ հավելելով, որ, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց Ցեղասպանության թեմայով այդքան հարուստ փաստեր չկան, ինչն ավելի կարևոր է դարձնում համաշխարհային մամուլի անդրադարձը:
Բանախոսի խոսքերով, պետք է հասկանալ, որ ցեղասպանությունն իրականցվել է Առաջին աշխարհամարտի քողի ներքո, ինչի պատճառով մամուլի գործունեությունը շատ բարդ է եղել.
«Բանն այն է, որ պատերազմի մեջ մտնելուց հետո Թուրքիայում գրեթե արտասահմանցի լրագրողներ չէին մնացել, որոնք կկարողանային ճշգրիտ ինֆորմացիա փոխանցել այն մասին, թե ինչ է կատարվում: Բացի դրանից, Օսմանյան Թուրքիայում գոյություն ուներ գրաքննություն... Բայց նույնիսկ այսպիսի պայմաններում մենք տեսնում ենք, որ 1915 թվականի մարտից համաշխարհային մամուլը սկսում է մեծ թվով հոդվածներով, թեկուզ կասկածանքով, պատմել կատարվող իրադարձությունների մասին, որոնք արդեն մայիս-հունիս ամիսներին ստանում են ապացույցներ. Դրանից հետո տեղում հայտնվում են թղթակիցներ, որոնք Արևմտյան Հայաստան են մտնում ռուսական բանակի հետ: Սկսում են առաջին ձեռքից ինֆորմացիա փոխանցել նաև տեղում գտնվող չեզոք երկրների հյուպատոսները»:
Մանուկյանը, ներկայացնելով այն, թե ինչ ծավալով է համաշխարհային մամուլն անդրադարձել Հայոց Ցեղասպանության թեմային, նշեց, որ միայն New York Times-ը 1915 թվականին 145 հոդված է հրապարակել հայերի դեմ կատարվող ոճրագործության վերաբերյալ.
«Ընդ որում, այդ նյութերը շատ հաճախ եղել են համարների առաջին էջերին: Սա կարևոր է ոչ միայն իրադարձությունները վավերացնելու, այլ նաև հումանիտար օգնություն կազմակերպելու համար: Ի վերջո պետք չէ մոռանալ որ նաև մամուլի միջոցով է հանրային կարծիքը ձևավորվում և այն, որ այդ տարիներին ամերիկացիները հենց մամուլից կարծիք կազմեցին հայերի դեմ կատարվողի մասին, ինչից հետո հսկայական օգնություն եկավ Հայաստան»:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը կարևորեց նաև ռուսական մամուլի դերակատարումը՝ նշելով, որ այն շատ հաճախ քարոզչական բնույթ էր կրում, բայց լուսնակարներ էր հրապարակում և այլն.
«Համաշխարհային մամուլի դերակատարումը շատ կարևոր էր նաև հետագայում Ստամբուլում և Բեռլինում կայացած երկու դատավարությունները լուսաբանելու գործում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների դատավարությանը, իսկ ավելի ուշ նաև Սողոմոն Թեհլերյանի դատին: Պետք է ասել, որ այդ դատավարությունների ժամանակ լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային մամուլի հրապարակումները, որոնք ազդել են դատավճիռների վրա: Սողոմոն Թեհլերյանի դատավորության մասին, եթե առանձին խոսելու լինենք, ապա պետք է ասել, որ այն ի վերջո վերածվեց Օսմանյան կայսրության դատավարության»:
«Առաջին աշխարհամարտից հետո մենք տեսնում ենք, որ համաշխարհային մամուլն ավելի քիչ է անդրադառնում Հայոց Ցեղասպանության թեմային, ինչն ավելի շատ քաղաքական պատճառներ ունի: Սակայն Հայոց Ցեղասպանության թեման սկսվում է կրկին արծարծվել Հոլոքոստի տարիներին, երբ զուգահեռներ են տարվում երկու ցեղասպանությունների միջև: Դրանից հետո եղան ևս մի քանի պիկային շրջաններ՝ մասնավորապես 60-ականները, երբ նշվում էր ոճրագործության 50-ամյակը, ապա եղան ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ կապված նյութերը և իհարկե 2015 թվականը: 2015-ն առհասարակ աննախադեպ էր և ունեցավ առանձին պիկային օրեր՝ կապված Հռոմի Պապի ելույթի, SOAD-ի համերգի և նաև Քիմ Քարդաշյանի այցի հետ: Չմոռանանք այն, որ անցած տարի Հայաստանի Հանրապետությունը սկսեց հատուկ աշխատել համաշխարհային մամուլի հետ, ինչը տվեց իր արդյունքները»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ Հայոց Ցեղասպանության թեմայի արծարծումը կարևոր է, քանի որ այդ կերպ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մակարդակը.
«Որքան շատ ենք խոսում մեր դեմ կատարված հանցագործության, հանցագործների չպատժված լինելու մասին, այդքան ավելի նվազում է մեր հարևանի կողմից կրկին նման քայլի գնալու հավանականությունը, Թուրքիան այս թեմայում միշտ պաշտպանվող է: Կարևոր է նաև հատուցում պահանջելը, որն այսօր դժվար թե լինի, քանի որ մեր երկիրը դեռ այնքան հզոր չէ, սակայն պետք է այդ մասին մտածել, որպեսզի մենք հասկանանք թե ինչ ենք պահանջելու, երբ Թուրքիան ի վերջո ընդունի ամեն ինչ»:





