Այսօր՝ ապրիլի 18-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, պատասխանելով այն դիտարկմանը, որ տեղեկատվական պատերազմում Հայաստանը պարտվում է ինչպես Թուրքիային, այնպես էլ Ադրբեջանին, նշեց, որ գոնե Հայոց Ցեղասպանության թեմայով հայկական կողմը չի պարտվում և համոզմունք հայտնեց, որ աշխարհն այսօր կիսում է հենց հայերի պատկերացումները.
«Մենք կարող ենք ասել, որ հիմնական լրատվամիջոցների և գիտական հաստատությունների մոտ կասկած չկա: Բոլորն էլ հստակ գիտեն, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, այսինքն մենք պատերազմում չենք պարտվում: Բայց եթե պատերազմում չենք պարտվում, չի նշանակում, որ կարող ենք հանգստանալ»:
Մանուկյանի խոսքերով, մենք այսօր պարտվում ենք դեմոգրաֆիական պատերազմում, ուստի պետք է մի քանի անգամ ավելի լավ աշխատենք: Ամեն դեպքում, ճշմարտությունը մեր կողմն է, իսկ թուրքական կողմը պետք է ապացուցի այն, ինչն իրականում չի եղել.
«Դա բարդացնում է մեր հակառակորդի գործը՝ չնայած ծախսվող միլիոնավոր դոլարներին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խնդիրներ ունենք մենք, ապա պետք է խոսել այն մասին, որ այս թեմայով ավելի քիչ երիտասարդներ են զբաղվում, ինչն արդեն կապված է ֆինանսական կողմի, մասնավորապես՝ ցածր աշխատավարձերի հետ»:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր չէ արդյոք աշխատել օլիգարխների հետ և մի քանի համաշխարհային մակարդակի ֆիլմ նկարահանել Հայոց Ցեղասպանության մասին, ինչի շնորհիվ աշխարհն ավելի տեղեկացված կլիներ՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը համաձայնեց այն մտքի հետ, որ նմանատիպ ֆիլմերը շատ կարևոր են և հավելեց, որ անցած տարի մեր միակ բացը հենց դա եղավ.
«Եթե ես ինձ իրավունք վերապահեմ գնահատել 2015 թվականի Հայաստանի աշխատանքը, կասեմ, որ մենք ամեն ինչ հիանալի արեցինք և միակ բացը եղավ ֆիլմի նկարահանումը, որտեղ կլինեին համաշխարհային անուններ և այլն: Շատ խոսակցություններ եղան, սակայն տարվա վերջում տեսանք, որ մեկ ֆիլմ կա, այն էլ թուրք հեղինակի կողմից, որն առանձնաապես արժեք չի ներկայացնում իրենից: Ամեն դեպքում կարծում եմ, որ Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի այդ հարցով: Ի վերջո, պարտադիր չէ մեծ մասշտաբների ֆիլմ նկարահանել, ավելի կարևոր է ամեն ինչ ճիշտ կազմակերպել»:
Այն դիտարկմանը, որ Մշակույթի նախարարությունը նույնիսկ հուշակոթող չի կարողանում պահպանել, ինչպես պետք է նման բան կազմակերպի, իսկ նախաձեռնողը պետք է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը լինի, Մանուկյանն ասաց, որ ֆիլմարտադրությունը հեշտ գործ չի, թանգարանը նման գործունեությամբ երբեք չի զբաղվել.
«Օլիգարխների մասով ասեմ, որ նրանք օգնում են որոշ հարցերում և երևի թե կֆինանսավորեն նաև ֆիլմի նկարահանումը, եթե հասկանան, որ ճիշտ սցենար, ճիշտ թիմ կա: Ամեն դեպքում լավ կլինի, եթե պետական պատվեր լինի»: