Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք Ձեզ հետ լավ ծանոթ ենք, միասին աշխատել ենք, երբ ղեկավարում էինք մեր երկրների կառավարությունները: Այժմ Դուք շատ պատասխանատու առաքելություն ունեք` Դուք միջազգային պաշտոնյա եք դարձել, եւ բարձր կարգի: Մեծ հույս ունեմ, որ Ձեր ղեկավարությամբ Եվրասիական միության հանձնաժողովը հաջող կաշխատի,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:
Վիկտոր Խրիստենկոն շատ հաջող նախնական աշխատանք է կատարել, իմ կարծիքով: Մեր առաջ բազմաթիվ հարցեր, խնդիրներ են, որոնք պիտի համատեղ լուծենք: Իսկ ամենակարեւորը, որ պիտի միասին անենք, այս ինտեգրացիոն միավորման առավելություններն առավելագույնս օգտագործելն է` լուծելու մեր երկրների առաջ կանգնած խնդիրները: Անկեղծ ասած, մենք հենց դրա համար ենք ստեղծել այս ինտեգրացիոն միավորումը, որպեսզի լրացուցիչ պայմաններ ստեղծենք տնտեսության աճի եւ սոցիալական ոլորտի զարգացման համար:
Ուզում եմ Ձեզ հաջողություն մաղթել: Մենք Ձեզ հետ, նման որակում, առաջին անգամ ենք հանդիպում, Դուք վերջերս եք անցել ձեր պարտականությունների կատարմանը: Առջեւում` արդեն ամենամոտ օրերս կառավարությունների ղեկավարների հանդիպումներն են Երեւանում, այնուհետեւ` պետությունների ղեկավարների հանդիպումը Աստանայում, այնպես որ, Ձեզ հետ միասին կնախապատրաստվենք այդ լուրջ միջոցառումներին»,- նշել է ՌԴ նախագահը:
Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության հեռանկարները քննարկելու հնարավորության համար. «Ինչպես Դուք ասացիք, իրոք ինտեգրացիայի ներուժ է կուտակվել, որը կծառայի մեր ժողովուրդների շահերին: Մի կողմից, մենք պիտի ապահովենք մեր կոլեգիայի աշխատանքում ժառանգականությունը: Մյուս կողմից, պիտի համարժեքորեն պատասխանենք նոր մարտահրավերներին, որոնք առկա են այսօր:
Մենք տեսնում ենք, որ փոխվում է առեւտրատնտեսական տարածքը, համաշխարհային լանդշաֆտը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մեր միությունը պիտի պատրաստ լինի ներկառուցվել այս համաշխարհային փոխակերպումներում, որ տեղի են ունենում»:
Սարգսյանը նաեւ հավաստիացրել է, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի պետությունների կողմից որոշարկող ուղղությունները, առաջնահերթությունները ամբողջ ծավալով իրականացվեն:
