Այսօր՝ ապրիլի 18-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, պատասխանելով այն հարցին, թե այս տարի ինչ միջոցառումներ են նախատեսված Հայոց Ցեղասպանության 101 ամյա տարելիցի շրջանակներում, նշեց, որ հիմնականում երկու միջոցառում է լինելու.
«Դրանցից առաջինը «Գլոբալ ֆորում»-ն է, որը կայանելու է ապրիլի 23-ին: Սա շատ կարևոր միջոցառում է, քանի որ այս կերպ մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Հայաստանը պայքարում է աշխարհում բոլոր ցեղասպանությունների դեմ: Հայաստանն ի լուր աշխարհի հայտարարում է, որ առաջամարտիկ է պայքարում: Այսուհետ երկու տարին մեկ անգամ՝ զույգ թվերին, Հայաստանում տեղի կունենա նման միջոցառում, որին հետագայում կարող են մասնակցել անվանի գիտնականներ և այլն: Երկրորդ միջոցառումը «Ավրորա»-ն է, որն ավելի մեծ հնչեղություն կստանա: Այն լինելու է արդեն ապրիլի 24-ին և աշխարհի ուշադրությունը կհրավիրի այն փաստի վրա, որ մենք միայն մեր ցավով չենք տարված, այլ պայքարում ենք բոլորի համար: Մենք անցած տարի ցույց տվեցինք, որ կարող ենք պայքարել: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինել, որ թեմայի վերաբերյալ ուշադրությունը կնվազի»:
Բանախոսը նաև խոսեց վերջին օրերին կատարված իրադարձությունների և հատկապես Թալիշում տարեց մարդկանց նկատմամբ իրականացված ադրբեջանական հաշվեհարդարի մասին.
«Վերջին պատերազմը մեզ իրավունք է տալիս նախ դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ, քանի որ կատարվել են ռազմական հանցագործություններ, որոնց ապացույցներն ունենք: Բացի դրանից, մենք պետք է ի վերջո աշխարհի վերաբերմունքն այս հակամարտության նկատմամբ փոխենք և ցույց տանք, որ սա պատերազմ է չցեղասպանվելու համար: Աշխարհը չպետք է հավասարության նշան դնի հայկական և ադրբեջանական բանակների միջև, քանի որ դրանցից առաջինը պայքարում է չցեղասպանվելու համար, մյուսը՝ հանուն ցեղասպանություն կատարելու: Վերջին օրերին մեր հակառակորդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր ցանկացած հաջողություն ցեղասպանություն է: Իմիջիայլոց, մեր թշնամիների էլիտան երբեք էլ չի թաքցրել դա»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Ցեղասպանության ինստիտուտն այսօր աշխատում է վերոնշյալ թեզն արծարծելու համար:
Ինչ վերաբերում է նրան, թե հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանն ապրիլի 24-ին ընդառաջ կրկին լարի իրավիճակը՝ Մանուկյանն ասաց նման վտանգ միշտ կա, սակայն դժվար թե Բաքուն նման քայլի գնա, քանի որ ստացած պատասխանը շատ ուժեղ էր, բացի դրանից էլ աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Հայաստանի վրա: