Հայաստան Քաղաքական 

Նալբանդյանը Ղազախստանի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 18-ին ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաեւին, ով Երեւան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովների եւ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։ Նախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձեւակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։

Անդրադառնալով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների՝ Երեւանում նախատեսված հանդիպումը հետաձգելուն՝ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, եւ հույս հայտնեց, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի այդ բացթողումը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

Նույն շարքից