Քաղաքական Ռազմական գլխավոր 

ՀՀ և ԼՂ նախագահները խորհրդակցություն անցկացրեցին ՊԲ բարձրագույն սպայակազմի հետ. Ազատություն

Երկուշաբթի օրը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ ժամանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա եկավ ուղղաթիռով, որը վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում: Հայաստանի նախագահին դիմավորելու էին եկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, այստեղ էին նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը, այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանը մի քանի հանդիպում ունեցավ, որոնք շարունակվեցին մինչև ուշ երեկո:

Հայաստանի նախագահը երեկոյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն անցկացրեց Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ, որի ժամանակ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես տեղեկացնում է Ազատությունը , այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանհամաձայն՝ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը, ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am

Նույն շարքից