Քաղաքական գլխավոր 

Գալուստ Սահակյանը՝ Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի ցանկանում մեկնաբանել ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառները, քանի դրանք ներկայացրել է անձամբ Միհրան Պողոսյանը:
«Մարդն ինքն է որոշում, թե ինչպես պետք է պատասխանի, և ես չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որ պաշտոնաթող մարդու համար պետք է կարծիքներ հնչեն, թե ինչու նա հրաժարական տվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը։
ԱԺ նախագահն ասաց, թե ինքը որպես այդպիսին աշխատանքային հարաբերություններ չի ունեցել Միհրան Պողոսյանի հետ, որ կարողանա մեկնաբանություններ տալ։ Միաժամանակ, խորհրդարանի խոսնակն ասաց, թե այդ կառույցը վերջին տարիներին անկասկած լավ է աշխատել:
«Մարդը պաշտոնից հրաժարվել է, ինչի՞ դրա համար պետք է պատասխան տա, ու՞մ պետք է պատասխան տա»,- ասաց Գալուստ Սահակյանը: Լրագրողների դիտարկմանը, որ պետք է պատասխան տա հենց օֆշորային սկանդալի համար, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց՝ ասելով, որ այդ ամենը մամուլով շրջանառվող լուրեր են։

«Եթե իրողություններն այնպիսին լինեն, որ հակասեն մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ցանկացած մարդ պետք է պատասխան տա»,- նշեց ԱԺ նախագահը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Միհրան Պողոսյանն այլ պաշտոնի անցնի, Գալուստ Սահակյանը նշեց, որ եթե պարզվի, որ նա անմեղ է, ուրեմն, կարող է և այլ պաշտոնի անցնել:

Նույն շարքից