ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող դեղատներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությւոնը, ով ձերբակալվել է:
2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 52 հասցեում գործող դեղատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, դիմակավորված անձը մտել է դեղատան սրահ եւ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դեղատան աշխատակցից գումար պահանջել, ապա դրամարկղից հափշտակել առկա գումարը եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործով իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հաշվառված է Ալավերդի քաղաքում, 38 տարեկան է: Վերջինս հայտնաբերվել է եւ ապրիլի 19-ին ձերբակալվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: