ԵԽԽՎ պատվիրակներն ապրիլի 19-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիր են ընդունել: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորների ստորագրած փաստաթղթում նշվում է.
«Վստահ լինելով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգայնորեն համաձայնեցված բանակցային միակ ձեւաչափին՝ հակամարտության երկարաժամկետ եւ արդարացի լուծում գտնելու համար: Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու եւ բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը:
Մենք կողմերին կոչ ենք անում վճռական քայլեր ձեռնարկել եւ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել՝ համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջարկների հիման վրա համաձայնագրի ստորագրման հասնելու համար, որոնք արտահայտված են 2009 թվականից սկսած այդ երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններում: Մենք կիսում են հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված անհանգստությունը: Ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է եւ լուրջ սպառնալիք է խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի շուրջ վստահություն ձեւավորելու միջոցների մասին Մինսկի խմբի համանախագահների մի շարք այլ առաջարկները կնպաստեն լարվածության նվազմանն ու խաղաղ բանակցությունների առաջընթացի համար ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»: