Կառավարության շենքի մոտ հինգշաբթի՝ ժամը 12-ին, նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների ներմուծման և սպառման:
«Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչ, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ակցիայի ժամանակ կընթերցեն և բաց նամակ կհանձնեն կառավարությանը, որում առաջին պահանջը վերաբերում է Թուրքիայից սնունդ ներմուծելու հարցին:
«Մենք չենք կարող վստահ լինել, որ թուրքական սննդով մեր հանդեպ բակտերիոլոգիական զենք չի կիրառվում։ Սա շատ կարևոր, անվտանգության հարց է, որին պետք է պետականորեն անդրադառնալ»,-հայտարարեց Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ կառավարությանն ուղղված իրենց պահանջների մեջ է մտնում նաև ճկուն մաքսային քաղաքականության և ուղիների մշակումը՝ այլ երկրներից ապրանք ներմուծելու հետ կապված:
Ասուլիսի մյուս մասնակից՝ նախաձեռնության անդամ, բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արման Ղուկասյանի խոսքով էլ 2008-2014 թվականների ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 1,5 միլիարդ դոլարի ապրանք, իսկ անկախության տարիներին այդ ամբողջ թիվը կազմել է 2,2 միլիարդ դոլար: