Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաեւ ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը:
Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչեւ 5,000 զինծառայողներ:
Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն եւ բացազատվել ու առաջին անգամ արտերկրում գործարկվել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման եւ այլ բժշկական անհետաձգելի օգնություն: Զորավարժության ընթացքին հետեւելու նպատակով զորավարժության անցկացման վայր է ժամանել նաեւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, որը նաեւ հանդիպում է ունեցել հայ զինծառայողների հետ:




