«Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում այն խոսակցությունները, թե պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մեծ մասը անապահով ընտանիքներից են, Հայաստանում տիրող ծանր տնտեսության արդյունք է:
«Սոցիալապես ոչ անապահով ընտանիքներից են զոհված զինծառայողների մեծ մասը: Համաշխարհային բանկի ապրիլի 8-ի զեկույցով ասվում է, որ Հայաստանում աղքատությունը 76 տոկոս է, այս երկրի զինվորների ընտանիքները պարզ է, որ անապահով պետք է լինեն: Այստեղ պաշտպանության նախարարն ի՞նչ անի, իշխանությունը պետք է այս ամեն ինչից մի հետեւություն անի: Աղքատությունը իշխանությանը պետք է, որ ձեռնտու չլինի, բայց քայլեր չեն արվում տնտեսությունը զարգացնելու համար, աղքատ են պահում ժողովրդին, որ ընտրությունների ժամանակ 5000 դրամով քվեները գնեն: Նախագահը Ստեփանակերտում փառաբանեց մեր զինվորներին, որ կարգապահ են եւ այլն, բայց երբ պիտի մեր իշխանությունն էլ դառնա ամենակարգապահ, ամենակազմակերպված իշխանությունը»,-ասաց նա: