«Պոլսահայ համայնքն ազդեցություն չի կարող ունենալ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, քանի որ այս ուղղությամբ վերջիններիս կատարած ցանկացած քայլը թուրքական իշխանությունների կողմից դիտվելու է որպես դավաճանություն»,-այսօր ՝ ապրիլի 21-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, պոլսահայ համայնքի անդամ Տիրան Լոքմագյոզյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինպես կարող է պոլսահայությունը նպաստել հայերի դեմ կատարված հանցագործության միջազգային ճանաչմանը:
Թուրքագետի խոսքերով, այսօր պոլսահայությունը երկու քարի արանքում է մնացել. «Կան մարդիկ, որոնք համարձակ ու հստակ կերպով խոսում են ցեղապանության մասին, ինչը շատ բարդ է: Իսկ պոլսահայության մեծ մասը կարծես համակերպվել է իրավիճակի հետ և նախընտրում են չբարդացնել իրենց կյանքը: Այսպես եղել է ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ՝ այսօր»:
«Պոլսահայերը սկսում են ավելի ազատ և անկաշկանդ խոսել այն ժամանակ, երբ դրսում են լինում, սակայն նույնիսկ այդ դեպքում ամեն ինչ այդքան հեշտ չէ: Որպես օրինակ կարող եմ ասել Ավստրալիայում ապրող մի 90-ամյա մարդու մասին, ով լրագրողի հետ զրույցի ժամանակ, մանրամասն պատմելով ցեղասպանության մասին, վերջում խնդրել էր իր անունը չհրապարակել»,-ասաց Լոքմագյոզյանը՝ հավելելով, որ արտասահման տեղափոխված պոլսահայերը հիմնականում լռում են, քանի որ վախենում են իրենց հարազատների համար, ովքեր դեռ Թուրքիայում են:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքն ավելի՞ է վատացել՝ բանախոսն ասաց, որ անկախ նրանից հարցը կապ ունի Հայաստանի կամ հայի հետ, թե՝ ոչ, Թուրքիայում, ի վերջո, քավության նոխազ դառնում են փոքրամասնությունները և առաջին հերթին՝ հենց հայերը. «Ինչ էլ լինի հայերի անունն է տրվում: Անգամ քրդերի հետ գոյություն ունեցող խնդիրներում հայերին են մեղադրում՝ հայտարարելով, թե քրդերը հայից ծնված են, Քրդական աշխատավորական կուսակցությունը հայերի կողմից է կառավարվում, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող այդ ուժն իր կազմում ունի 200 դիպուկահար, որոնք հայ են և պատրաստվել են Հայաստանում: Այսինքն ինչ էլ լինի, ամեն ինչ ջարդվում է հայերի գլխին»:
Անդրադառնալով ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայում անցկացվող հանրահավաքներին, երթերին, ասուլիսի հյուրն ասաց, որ ամեն ինչում բացառություններ կան և բացառություն են նաև այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ միջոցառումներին. «Թուրքիայում մարդիկ կան, որոնք իրապես մտածում և ասում են, որ ցեղասպանություն իրականում կատարվել է և Թուրքիան պետք է փոխհատուցի: Այստեղ պետք է զգուշանալ «հայանպաստ» կեցվածք ունեցողներից, հատկապես նրանցից, ովքեր կոչ են անում խուսափել ցեղասպանություն եզրույթից և հատուցման պահանջից՝ հավաստիացնելով, թե այս կերպ Թուրքիան կընդունի տեղի ունեցածը, ներողություն կխնդրի և հարցը կփակվի: Այդ մարդիկ ոչ հայանպաստ են, ոչ էլ դեմոկրատ, նրանք կոչվում են «խելոք Քեմալիսներ», որոնք մտածում են իրենց երկրի շահի մասին: Ամեն դեպքում ազնիվ զանգված կա, սակայն այդ մարդիկ քիչ են: Կարելի է ասել, որ վերջին տարիներին տեղի ունեցող ցույցերի մասնակցիների թիվն ավելանում է, սակայն վերջիններս չնչին թիվ են կազմում Թուրքիայի 78 միլիոնանոց բնակչության մեջ: Ոմանք կարծում են, թե թուրքերը փոխվել են, սակայն դա այդպես չէ: Այդպես մտածողներ կային նաև 100 տարի առաջ, սակայն մենք տեսանք, թե ինչ արեցին մի քանի լեզու իմացող, քաղաքակիրթ թվացող երիտթուրքերը»:



