Այսօր՝ ապրիլի 21-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե Հրանտ Դինքի տեղը հիմա դատա՞րկ է, թե՝ ոչ, պոլսահայ համայնքի անդամ, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ասաց՝ այո. «Մենք 100 տարի առաջ ունեինք մի հայ, ով խիզախորեն խոսում էր, այդ թվում նաև Թալեաթի դեմ: Խոսքը Գրիգոր Զոհրապի մասին է, ու մենք գիտենք, թե ինչ եղավ նրա հետ: 100 տարի հետո մենք ունեցանք ևս մեկ հայ, ով խոսում էր շատ խիզախ, մտքերը շարադրում էր հստակ և առանց վախենալու: Խոսքն այս անգամ Հրանտ Դինքի մասին է, տեսանք, թե ինչ եղավ նաև նրա հետ: Այսինքն՝ կա մի գիծ, որից այն կողմ անցնել թույլ չեն տալիս: Ցավոք, Հրանտից հետո մենք չունեցանք երկրորդին: Նրա կենդանության օրոք համայնքն արթնացել էր, հույսեր կային, որ ինչ-որ հարցեր կլուծվեն, սակայն սպանությունից հետո ամեն ինչ ավարտվեց: Դինքը նման էր մի վարար գետի, իսկ նրանից հետո ամեն ինչ լճացավ»:
Անդրադանալով այն հարցին, թե որքանով հայկական համայնքի հարցերի լուծման վրա դրական ազդեցություն կունենա թուրքական խորհրդարանում երեք հայազգի պատգամավոր լինելու փաստը՝ Լոքմագյոզյանն ասաց, որ Թուրքիայի պայմաններում այդ փաստն ազդեցություն ունենալ չի կարող. «Նրանք ընտրվել են երեք տարբեր կուսակցություններից: Այդ պատգամավորներից մեկն առհասարակ իշխող կուսակցությունից է և գրեթե ձայն չի հանում, կամ հայերի դեմ է խոսում: Մյուս երկու պատգամավորները փորձեցին ինչ-որ բան անել, սակայն շոշափելի փոփոխություններ չեղան: Որոշ դեպքերում մեջլիսում կարող են կողմ քվեարկել փոքրամասնություններին օգնող նախագծերին, սակայն խոսքը վերաբերում է միայն մանր հարցերին»:
«Առհասարակ, պետք է ասել, որ Թուրքիայում այն մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում իշխանություններին՝ փորձելով ինչ-որ փոփոխությունների հասնել, հալածանքների են ենթարկվում, հայտնվում են դատարաններում, ապա՝ բանտում»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ այս ամենի կողքին կարելի է տեսնել, թե ինչպես են անպատիժ մնում Էրդողանի շրջապատից այն մարդիկ, ովքեր պետք է պատժվեն ազատազրկմամբ: