«Պոլսահայ մամուլը երբեք ազատ չի եղել»,-այսօր՝ ապրիլի 21-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, պոլսահայ համայնքի անդամ Տիրան Լոքմագյոզյանը՝ հավելելով, որ ճնշումներ միշտ էլ եղել են. «Բացի դրանից էլ, պոլսահայ մամուլը 100 տարիների ընթացքում ինքնացենզուրայի է ենթարկվել: Բացառություն կարող է համարվել միայն Հրանտի օրոք գործող «Ակոս»-ը, սակայն մենք տեսանք, թե ինչ եղավ»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում Թուրքիայում, եթե հաշվի առնենք այն, որ վատացել են թուրք-ռուսական հարաբերությունները, այդքան էլ լավ չեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ երկրի ներսում շատ ակտիվ են քրդերը՝ Լոքմագյոզյանն ասաց, որ քաղաքականությունը շատ կեղտոտ գործ է, իսկ թուրքերը միշտ էլ օգտվել են դրանից. «Այսօր Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները լավ չեն, սակայն ո՞վ կարող է ասել, թե ինչ կլինի վաղը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ես կասեի, որ Թուրքիան միշտ էլ կառավարվել է Միացյալ Նահանգների կողմից: Դա եղավ հատկապես այն պահից սկսված, երբ Թուրքիան երես թեքեց Խորհրդային Միությունից և մտավ ՆԱՏՕ: Շատ փաստեր կան, որոնք վկայում են այդ մասին, և ես չեմ կարծում, թե ամերիկացիները հեշտությամբ հրաժարվեն Թուրքիայից, սակայն դրա համար երևի թե նոր ծրագիր պետք է ունենան»:
Բանախոսը նշեց, որ ընտրվելուց հետո Էրդողանը միշտ էլ ասել է, որ շատ սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, սակայն ինչ-որ պահի ամեն ինչ փոխվեց. «Էրդողանը բազմից խոսել է այն մասին, որ ինչ-որ Միջին արևելյան մեծ ծրագիր գոյություն ունի, և ինքն այդ ծրագրի համանախագահն է: Սակայն հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան կոտրվեց: Դա կարող է կապ ունենալ Գյուլենի հետ, ով Միացյալ Նահանգներում է ապրում, ազդեցիկ գործիչ է և ում հետ Էրդողանը շատ վատ հարաբերություններ ունի: Ինչ վերաբերում է Էրդողանի այսօրվա քաղաքականությանը, ապա նա ինքնուրույն քաղաքականություն է վարում, կարծես թե չի հենվում ինչ-որ մեկի վրա, բայց ԱՄՆ-ն ամեն դեպքում այդքան էլ խիստ չէ վերջինիս նկատմամբ»:
Բացի դրանից, բանախոսը նաև խոսեց թուրք-իսրայելական հարաբերությունների մասին՝ նշելով, որ համագործակցություն կա՝ չնայած նրան, որ խոսվում է լարվածության մասին. «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Իսրայելը համագործակցում են նաև ռազմական ոլորտում: Իսրայելը ռազմական ոլորտում համագործակցում է նաև Ադրբեջանի հետ: Եթե Իսրայելը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, նշանակում է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունի նաև ԱՄՆ-ն»:
Բանախոսը, լրագրողներից մեկի հարցին պատասխանելով, խոսեց նաև Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին՝ նշելով, որ վերջինս միայն ազգանունով է հայ, մնացած ամեն ինչով թուրք է և նույնիսկ Հրանտ Դինքի ջանքերը չկարողացան այդ մարդու մեջ հայկական ինչ-որ բան արթնացնել. «Մահչուփյանը շատ բացասական կերպար է հայերի համար և նա չի էլ թաքցնում դա»: