Հասարակություն 

«Արմատներ» ֆիլմի պրեմիերան այսօր. Մանրամասնում են ստեղծագործական կազմի անդամները

Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Արմատներ» ֆիլմի պրեմիերան: Ինչի՞ մասին է ֆիլմը, ի՞նչ խնդիրներ է դրանով փորձել լուծել ստեղծագործական խումբը... Այս հարցերի մասին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, բեմադրող ռեժիսոր Վահե Յանը,  կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը, դերասաններ Մերի Մկրտչյանը և Անդրանիկ Բաբայանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես առաջացավ ֆիլմը ստեղծելու գաղափարը և ինչ խնդիրներ է այն լուծելու՝ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը նախ ասաց, որ «Շարմ» ընկերությունն ակտիվ մասնակցություն է ունեցել  Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպմանը. «Ապրիլի 24-ին դեռ երկու ամիս ժամանակ կար, սակայն արդեն զգացվում էր այն հսկա ներուժը, որը մենք տեսանք: Ամեն ինչ այնքան ոգևորիչ և տպավորիչ էր, որ մենք որոշեցինք  գեղարվեստական ֆիլմ նկարահaնել այն ամենի մասին, ինչը տեղի ունեցավ անցած տարի, որպեսզի  մեր երեխաները տեղի ունեցածի մասին իմանան նաև գեղարվեստական ֆիլմի օգնությամբ, ոչ թե միայն յութուբյան տեսանյութերից կամ տատիկ-պապիկներից, քանի որ ֆիլմն ամեն ինչ ավելի տպավորիչ է դարձնում:

Պետք է ասեմ, որ ֆիլմը նկարահանվել է նոր ձևաչափով, այս ոճի մեջ ֆիլմ Հայաստանում դեռ չի ստեղծվել, իսկ նկարահանումները կատարել ենք հենց միջոցառումների ժամանակ: Խոսքը վերաբերում է ցեղասպանության զոհերի սրբադասմանը, SOAD-ի համերգին, ջահերով երթին և այլն: Մի խոսքով մենք ֆիլմի օգնությամբ ցանկանում ենք գալիք սերունդներին փոխանցել այն էներգիան, որը կար անցած տարի:

 Նշեմ նաև, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին անցած տարի փետրվարին, իսկ ամեն ինչ վերջնական տեսքի է բերվել մեկ շաբաթ առաջ: Այս ընթացքում մեզ լուրջ աջակցություն ցուցաբերեցին  Կինոկենտրոնը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ինչպես նաև 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պետական հանձնաժողովի համակարգող Վիգեն Սարգսյանը»:

Այն հարցին, թե հայ հանդիսատեսից բացի ովքեր հնարավորություն կունենան դիտել ֆիլմը, Ղազարյանն ասաց, որ այն թարգմանվելու է տարբեր լեզուներով, ցուցադրվելու է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, հնարավոր է հետաքրքրի այլ ազգերի ներկայացուցիչներին, սակայն դրա հիմնական հասցեատերը հայերն են. «Ֆիլմերով տարբեր նպատակներ են լուծվում: Կոնկրետ այս ֆիլմն ավելի շատ ներքին խնդիրների լուծմանն է ուղղված, այլ ոչ թե աշխարհին ինչ-որ բան ասելուն: Այն կոմերցիոն չէ և ես երջանիկ կլինեմ, որ բոլոր հայերը դիտեն այս ֆիլմը, քանի որ այն օգնելու է ավելի շատ համախմբվել: Ի վերջո, արդեն ժամանակն է հասկանալ, որ ապրիլի 24-ը սգի օր չէ, այն ավելի շատ հիշատակման օր է: Մենք պահանջատեր ազգ ենք և հիշելն ու պահանջելը բոլորիս խնդիրն է»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ ֆիլմում նաև շատ հումոր կա:

Ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը, իր հերթին անդրադառնալով ֆիլմի ժանրին, նշեց, որ այն տարբեր ժանրերի սինթեզ է. «Ժանրային մասով, կարծում եմ, տրվել է լավագույն լուծումը և առաջ քաշված խնդիրը լուծվել է: Այն շատ թեթև ֆիլմ է, իսկ հանդիսատեսի կարծիքը կարող ենք իմանալ այսօր՝ սպասվելիք դիտումից հետո»:

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը, անդրադառնալով նրան, թե ինչպես է  գրել ֆիլմի երաժշտությունը, ասաց, որ այն ամբողջ ֆիլմի համար ստեղծված երաժշտություն է. «Ես գրեցի մի մեղեդի, որն իր մեջ պարունակում է հայկական թեմատիկա, իսկ ինչ վերաբերում է իմ խնդրին, ապա այն ամբողջ ֆիլմի ընթացքում մի գիծ տանելն էր, թե որքանով է դա ստացվել, հանդիսատեսը կասի»:

Ինչ վերաբերում է  դերասանների ընտրությանը, ապա գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասաց, որ ռեժիսորի առջև խնդիր է դրված եղել գտնել այնպիսի դերասաններ, ովքեր ճանաչված չեն, որպեսզի ամեն մարդ կարողանա իրեն իդենտիֆիկացնել ֆիլմի հերոսների հետ. «Ես գոհ եմ ռեժիսորի աշխատանքից»:

Դերասան Անդրանիկ Բաբայանն, իր հերթին խոսելով այն մասին, թե ինչքանով է իր խնդիրը համարում լուծված, նշեց, որ, երևի թե, ճիշտ կլինի, եթե հանդիսատեսը գնահատականը տա և հավելեց, որ իր համար շատ հետաքրքիր էր մաս կազմել նման նախագծի:

Գլխավոր հերոսուհուն մերմնավորող Մերի Մկրտչյանն էլ ասաց, որ իրեն հատկապես դուր եկավ այն համախմբվածությունը, որը կար անցած տարի և այդ ամենը ֆիլմի տեսքով գալիք սերունդներին փոխանցելու գաղափարը:

Նույն շարքից